Հայ գիտնականները հատկապես ուժեղ են մաթեմատիկայի և ֆիզիկայի ոլորտներում. Չիլինգարով

26.02.2015, 13:23
Հայկական գիտության առավել ուժեղ ոլորտներն են մաթեմատիկան և ֆիզիկան, կարծում է հայտնի բևեռախույզ, ՌԴ նախագահի` Հյուսիսային և Հարավային Բևեռներում միջազգային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը։
Հայ գիտնականները հատկապես ուժեղ են մաթեմատիկայի և ֆիզիկայի ոլորտներում. Չիլինգարով

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական գիտության առավել ուժեղ ոլորտներն են մաթեմատիկան և ֆիզիկան, կարծում է հայտնի բևեռախույզ, ՌԴ նախագահի` Հյուսիսային և Հարավային Բևեռներում միջազգային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը։

«Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան հզոր և հայտնի է, այդ թվում` նաև աշխարհահռչակ գիտնականներով։ Այն շատ լուրջ դպրոց էր, և դա պահպանվել է։ Իմ կարծիքով` հայկական գիտության առավել ուժեղ կողմերն են, առաջին հերթին, մաթեմատիկան և ֆիզիկան», – ասաց Չիլինգարովը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Նա նշեց, որ հայ գիտնականները պետք է խորացնեն գիտական կապերը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ։

«Ես սա ասում եմ` որպես ՌԳԱ–ի թղթակից–անդամ։ Մենք կանենք ամեն ինչ, հատկապես, որ ՌԳԱ–ում շատ հայեր կան, ովքեր հայտնի գիտնականներ են և մեծ ներդրում են կատարել մեծ գիտության զարգացման գործում», – ասաց Չիլինգարովը։

Արթուր Չիլինգարովը Հյուսիսային և Հարավային Բևեռն ուսումնասիրող հայտնի խորհրդային և ռուս գիտնական է, խոշոր օվկիանոսագետ, ԽՍՀՄ և ՌԴ հերոս, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, ՌԳԱ թղթակից–անդամ։–0–