Գիտնականները Երկիրն արեգակնային բռնկումներից պաշտպանելու բնական մեխանիզմ են գտել

07.03.2014, 11:31
Երկրից Արեգակի արտանետած մասնիկներին ընդառաջ բարձրացող պլազման պաշտպանում է մոլորակն արեգակնային բռնկումներից, գրում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Science ամսագրում հրապարակած հոդվածին։
Գիտնականները Երկիրն արեգակնային բռնկումներից պաշտպանելու բնական մեխանիզմ են գտել

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երկրից Արեգակի արտանետած մասնիկներին ընդառաջ բարձրացող պլազման պաշտպանում է մոլորակն արեգակնային բռնկումներից, գրում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Science ամսագրում հրապարակած հոդվածին։

Մագնիսական դաշտը պաշտպանում է Երկիրն արեգակնային քամուց` Արեգակից ելնող լիցքավորված մասնիկներից։ Սակայն բռնկումների ժամանակ Արեգակը մեծ թվով մասնիկներ է արտանետում, և երբ դրանք հասնում են Երկրի մագնիսական ոլորտին, մոլորակի մագնիսական դաշտը սկսում է փոխգործակցել արեգակնային քամու մագնիսական դաշտի հետ։ Միաժամանակ, կատարվում է մագնիսական դաշտերի ուժային գծերի վերամիակցում արեգակնային քամու մագնիսական դաշտերի հետ, որը Երկրի վրա մագնիսական փոթորիկների պատճառ է դառնում և թույլ է տալի արեգակնային քամու մասնիկներին ներթափանցել մագնիսական ոլորտ։ Մինչ օրս համարվում էր, որ այդ գործընթացների ինտենսիվությունն ամբողջովին կախված է արեգակնային քամուց։

Գիտնականների վերջին հաշվարկները ցույց են տվել, որ Երկրի մագնիսական դաշտի և արեգակնային քամու ուժային գծերի փոխազդեցության ինտենսիվության վրա ազդում է նաև մոլորակը շրջապատող պլազմային ոլորտը։ Պարզվել է, որ երբ մագնիսական ոլորտի վրա արեգակնային քամու ազդեցությունն ուժեղանում է, Երկիրը շրջապատող սառը պլազմայի մի մասը տեղաշարժվում է Արեգակին ամենամոտ մագնիսոլորտային սահմանին։ Դրա շնորհիվ ավելանում է արեգակնային քամու հետ նյութի փոխազդեցության զանգվածը, ինչի պատճառով մագնիսային գծերի վերամիակցումն ավելի պասիվ է դառնում։ -0-