ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի առավոտյան Արեգակի վրա հզոր ռենտգենյան բռնկում է տեղի ունեցել, սակայն Երկրի վրա մագնիսական փոթորիկներ չեն սպասվում, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Ռոսհիդրոմետի կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչը։
Ըստ նրա, Х5 կարգի բռնկումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 04։50–ին Արեգակի ամենաարևելյան եզրի ակտիվ հատվածներից մեկում։ Այն ամենահզորն է դարձել 2012 թվականի մարտից ի վեր, երբ Արեգակի վրա գրանցվել էր Х6.3 բռնկում։
«Դա ընթացիկ արեգակնային փուլի, այսինքն` վերջին 11 տարիների ամենահզոր բռնկումներից է։ Սակայն դրա աղբյուրն Արեգակի արևելյան եզրաշերտի կողքին է, այդ պատճառով էլ բռնկման ժամանակ պլազմայի ամպը չի հասնի Երկրին, մագնիսական ալեկոծումներ և պրոտոնների հոսքի աճ չի սպասվում»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Արեգակնային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, բաժանվում են հինգ կարգի` A, B, C, M և X։ A0.0 նվազագույն կարգը համապատասխանում է Երկի ուղեծրի ճառագայթման հզորությանը` մեկ քառակուսի մետրի 10 նանովատի։ Հաջորդ տառին անցնելուց հզորությունն աճում է 10 անգամ։ Բռնկումները, որպես կանոն, ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որի ամպերը, հասնելով Երկիր, կարող են մագնիսական փոթորիկների պատճառ դառնալ։ -0-