ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արհեստական ինտելեկտը, վերջիվերջո, իրականություն կդառնա, հայտարարեց Apple կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը Երևանում հայ ուսանողների և գիտնականների հետ հանդիպմանը:
«Վաղ թե ուշ դա տեղի կունենա՝ ավտոմեքենաներն ինքնուրույն կգնան ավտոլվացման՝ զգալով, որ կեղտոտվել են, մինչ տանտերը քնած է, ռոբոտն ինքնուրույն կհավաքի խոհանոցում թափված կեղտոտ ամանեղենը և կսկսի լվանալ: Սա համակարգիչների և տեխնիկայի ապագայի իմ տեսլականն է՝ ամեն ինչ մարդանման կդառնա»,- Վոզնյակի խոսքն է մեջբերում telecom.arka.am հայկական հեռահաղորդակցային պորտալը:
Ըստ նրա, արդեն այսօր անհրաժեշտ է, որ համակարգիչները հասկանան և վերարտադրեն մարդկային խոսքը, ընկալեն մարդկային զգացումները:
«Կգա ժամանակ, երբ համակարգիչները կսկսեն հասկանալ մարդկային զգացումները և իրենք էլ կզգան, կարարեն, մտածելու հատկություն կունենան: Այդ ամենը կլինի, երբ մենք Սթիվի (Ջոբսի) հետ սկսում էինք, ոչ ոք չէր հավատում, որ կգա մի ժամանակ, երբ համակարգիչներ կլինեն յուրաքանչյուր տանը: Ես այն ժամանակ ցանկանում էի, որ գա այն ժամանակը, երբ ինժեներներն աշխարհի կարևորագույն մարդիկ դառնան: Այդպես էլ եղավ»,- ավելացրեց նա:
Վոզնյակը նշեց, որ այդ ամենը կախված է մարդու հասարակ ցանկությունից:
«Երբ սովորում էի ավագ դպրոցում, սեփական համակարգիչ էի ուզում ունենալ, իսկ դրանք այն ժամանակ շատ թանկ արժեին: Չունենալով համակարգիչ ձեռք բերելու հնարավորություն և միջոցներ՝ ես ինքս սկսեցի դրանք նախագծել: Ես սեփական համակարգիչս տեսնում էի գոյություն ունեցող մոդելներից տարբերվող տեսքով, առանց այդ անիմաստ լծակների, լամպերի և կոճակների: Ես ստեղծեցի անձնական օգտագործման համակարգիչ, պարզապես ցանկանում էի խաղալ և աշխատել դրանով, իսկ հետո հանդիպեցի Ս2իվին, ով ասաց. «Օ, սա կարելի է վաճառել»: Այդպես էլ շարունակվում էր անընդհատ, ես ինձ համար խաղալիքներ էի ստեղծում, իսկ Ս2իվը վաճառում էր»,- կիսվեց նա:
Սիլիկոնային դաշտի լեգենդը Երևան է ժամանել նախօրեի երեկոյան «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային հեղինակություն» ՀՀ նախագահի 2011 թվականի մրցանակը ստանալու նպատակով:
Ուրբաթ օրը Վոզնյակին կընդունի երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսված են նաև հանդիպումներ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարության անդամների հետ, այցելություն Հայոց ցեղասպանության «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր:
Սթիվ Վոզնյակը և նրա կինը՝ Ջանեթ Վոզնյակը, կմնան Հայաստանում մինչև նոյեմբերի 12-ը:
«ՏՏ ոլորտում համաշխարհային հեղինակություն» մրցանակը Հայաստանում սահմանվել է 2010 թվականին: Մրցանակի առաջին դափնեկիրն է «Intel» կորպորացիայի Տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթը:-0-