Apple-ի արտադրած սմարթֆոնի նոր iPhone 4S մոդելը կհայտնվի հայկական շուկայում հոկտեմբերի 24-ից

17.10.2011, 18:24
Apple-ի արտադրած սմարթֆոնի նոր iPhone 4S մոդելը կհայտնվի հայկական շուկայում հոկտեմբերի 24-ից

Apple-ի թողարկած սմարթֆոնի  նոր iPhone 4S մոդելը կհայտնվի հայկական շուկայում հոկտեմբերի 24-ից, հաղորդում է հայկական telecom.arka.am հեռահաղորդակցության պորտալը՝ հղում անելով IPhone.am ընկերությանը:

Apple ընկերությունը հոկտեմբերի 14-ից ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և Ճապոնիայում սկսել է iPhone 4S սմարթֆոնի վաճառքը, որը, լինելով նախորդ սարքի միայն էվոլյուցիոն թարմացումը, կարող է դառնալ Apple-ի ամենաճանաչված հեռախոսային մոդելը:

«Նոր մոդելը կներկայացվի հայկական շուկայում ինչպես տարբեր գունային երանգներով, այնպես էլ հիշողության տարբեր ծավալներով՝ 16 և 32 Գբայթ»,- հայտնել են ընկերությունից:

Գործակալության զրուցակիցը միաժամանակ նշեց, որ նոր մոդելի գինն առայժմ հայտնի չէ և կորոշվի վաճառքների սկզբին:
IPhone.am ընկերությունը Հայաստանում Apple-ի պաշտոնական ներկայացուցիչը չէ:

Ինչպես ավելի վաղ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է Orange Armenia ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Մարտիրոսյանը, ընկերությունը, որպես Հայաստանում Apple-ի պաշտոնական ներկայացուցիչ, անպայման հայ օգտագործողներին կներկայացնի նոր մոդելի iPhone: Սակայն նոր գաջեթի ժամկետներն ու արժեքն առայժմ չեն նշվում:

IPhone.am-ի խանութում Iphone 4 նախորդ մոդելը կարելի է ձեռք բերել 339 հազ դրամով  և սև մոդելը՝ 379 հազար դրամով՝ համապատասխանաբար 16 Գբայթ և 36 Գբայթ (359 հազար դրամ և 399 հազար դրամ սպիտակ մոդելների համար): 

Orange Armenia բջջային օպերատորի մոտ սև մոդելի IPhone 4-ի գինը կազմում է 333 հազ դրամ և 390 հազ դրամ՝ համապատասխան 16 Գբայթ և 36 Գբայթ հիշողությամբ, ինչպես նաև օպերատորի արտոնյալ սակագնային փաթեթների միացման հնարավորությամբ:
iPhone 4S-ի գինն ԱՄՆ-ում օպերատորի հետ երկամյա պայմանագրով կազմում է 16 Գբայթ հիշողությամբ մոդելի դիմաց 199 դոլար, 299 դոլար՝ 32 Գբայթ հիշողության սմարթֆոնի, 399 դոլար՝ 64 Գբայթ-ի համար: Բացի այդ, արդեն նոյեմբերին հնարավոր կլինի գնել iPhone 4S մոդելն առանց որևէ օպերատորի միջնորդության, այդ դեպքում գինը կկազմի 649, 749 և 849 դոլար համապատասխանաբար 16,32,64 Գբայթ հիշողության մոդելների համար:

iPhone 4S-ի վաճառքների մեկնարկը մռայլվեց Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մահվան պատճառով: -0-