Ֆիզիկական վնասվածքն ու սոցիալական լքվածության ուժեղ զգացողությունը մարդու ուղեղում նույն ռեակցիա են առաջացնում, գրում են ամերիկացի գիտնականները: Նրանց հոդվածը տպագրվել է Proceedings of the National Academy of Sciences-ում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Միչիգանի համալսարանի սոցիալական հոգեբան Էթան Կրոսն (Ethan Kross) ու իր գործընկերները ցույց են տվել, որ ուղեղի նույն հատվածներն են ակտիվանում թե ցավի զգացողության, թե մենակության ու լքվածության ուժեղ զգացումից ի հայտ եկած ապրումների ժամանակ:
«Առաջին հայացքից՝ վրադ լցված տաք սուրճն ու այն միտքը, թե քեզ լքել են, պետք է տարաբնույթ ցավ առաջացնեն: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանք միմյանց ավելի նման են, քան կարծում էինք»,- Կրոսի խոսքերն են մեջբերված համալսարանի հաղորդագրության մեջ:
Հոդվածի հեղինակներն առաջին անգամ ցույց են տվել, որ «լքվածության զգացումը» ակտիվություն է առաջացնում ուղեղի երկու հատվածում:
Հետազոտության համար գիտնականներն ընտրել են 40 հոգու, որոնցից 21-ը կանայք են եղել, ովքեր վերջին վեց ամսում խզված ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել և իրենց լքված են զգացել: Յուրաքանչյուրը մասնակցել է փորձի երկու մասին, որոնցից առաջինը կապված է եղել «աոցիալական» ցավի, իսկ երկրորդը՝ ֆիզիկական ցավի հետ: Փորձի առաջին մասում նրանք պետք է նայեին իրենց նախկին սիրեցյալի նկարին ու մտածեին առավել դրական ապրումների մասին, որոնք ունեցել էին այդ մարդու հետ:
Փորձի երկրորդ մասում մասնակցի նախաբազկին հատուկ տաքացուցիչ սարք էր դրվում, որը ցավի զգացողություն էր առաջացնում: Փորին մասնակցողները երբեմն թեթև տաքություն էին զգում, երբեմն էլ՝ տաք սուրճի ջերմություն:
Բոլոր մասնակիցների ուղեղի ակտիվությունը հետևում էր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը: Հետազոտողներն ուսումնասիրում էին ուղեղն ամբողջությամբ և կենտրոնանում էին առանձին հատվածների վրա: Նրանք ստացված արդյունքները համեմատում էին նաև նախկին 500 տոմոգրաֆիկ հետազոտությունների արդյունքների հետ:
«Մենք հայտնաբերեցինք, որ լքվածության զգացողությունն ակտիվացնում է ուղեղի այն շրջանները, որոնք ներգրավված են ֆիզիկական ցավի զգացողությանը»,- եզրակացնում է գիտնականը:
Հետազոտության հեղինակները նշում են, որ իրենց ստացած արդյունքները կօգնեն հասկանալ, թե հոգեկան ապրումներն ինչպես կարող են մարմնական հիվանդությունների պատճառ դառնալ ու հանգեցնել ցավի ամենատարբեր տեսակների ու հոգեկան խանգարության:--0-