Հայաստանի «Արենի 1» քարանձավային համալիրում բնական թանգարան կստեղծվի

21.01.2011, 17:36
Հայաստանի «Արենի 1» քարանձավային համալիրում բնական թանգարան կստեղծվի
Հայաստանի «Արենի 1» քարանձավային համալիրում բնական թանգարան կստեղծվի

Բնական թանգարան կստեղծվի Հայաստանի «Արենի 1» քարանձավային համալիրում, որտեղ հնագետների միջազգային խումբը հին կաշվե ոտնաման և վեց հազար տարի հնության եղինջի մանրաթելից պատրաստված հագուստ, ինչպես նաև գինեգործության արհեստի հին վկայություններ է հայտնաբերել, հայտնեց արշավախմբի հայկական մասի ղեկավար Բորիս Գասպարյանը:

«Արենի 1» քարանձավային համալիրի պեղումները մեկնարկել են 2007 թ.-ին: Բացառիկ միկրոկլիմայի շնորհիվ այս համալիրում պահպանվել են քարե դարին պատկանող օրգանական նյութեր՝ լաթի, բրդի և այլ նյութերի կտորներ, ինչը բացառիկ հնարավորություն է տալիս հնագույն տեխնոլոգիաների և մշակույթների ուսումնասիրման համար:
«Ապագա թանգարանի ստեղծման որոշակի աշխատանքներ են տարվում հետազոտական աշխատանքներին և պեղումներին զուգընթաց: Հետագայում հատուկ գիտական խորհուրդն արդեն կորոշի, թե համալիրի որ մասերը մենք պետք է պահածոյացնենք»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գասպարյանը:

Ըստ գիտնականի, թանգարանի ստեղծումը մեծ նշանակություն կունենա այդ տարածաշրջանում (Վայոց Ձորի մարզ) զբոսաշրջության զարգացման համար, քանի որ նման ինքնատիպ համալիր աշխարհում գրեթե չկա:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն իր հերթին ընդգծեց, որ հայ արտադրողները կարող են համալիրի գտածոները որպես գովազդ օգագործել իրենց ապրանքանիշների համար:

«Օրինակ, մեր գինեգործները կարող են Հայաստանում հայտնաբերված աշխարհի ամենահին գինեգործության փաստը որպես գովազդ օգտագործել իրենց ապրանքների համար»,- ասաց նա:
Վերջում գիտնականները նշեցին, որ «Արենի 1» քարանձավային համալիրն, ըստ էության, աշխարհի ամենաէկզոտիկ, մշակութային հուշահամալիրն է: -0-