Աշխարհում ամենահին գինեգործության հետքերը հայտնաբերվել են Հայաստանում

11.01.2011, 14:18
Աշխարհում ամենահին գինեգործության հետքերը հայտնաբերվել են Հայաստանում
Աշխարհում ամենահին գինեգործության հետքերը հայտնաբերվել են Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հարավ-արևելքում գտնվող «Արենի 1» քարանձավային համալիրն ուսումնասիրելիս՝ հնագետների միջազգային խումբը հայտնաբերել է գինեգործության հնագույն ապացույցներ, որոնք արդեն ավելի քան վեց հազար տարեկան են: Այս մասին տեղեկացվում է «Journal of Archaeological Science» ամսագրում հրապարակված գիտական հոդվածում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հոդվածի հեղինակները՝ եգիպտացի, ամերիկացի և հայաստանցի հնագետները՝ Կալիֆոռնիայի համալսարանից ժամանած Հանս Բեռնարդի (Hans Barnard) ղեկավարությամբ, հետազոտել են նույն քարանձավները, որտեղ ավելի վաղ կաշվե ոտնամանի հնագույն նմուշ և եղինջի մանրաթելից պատրաստված վեց հազար տարեկան հագուստ է հայտնաբերվել:

Առաջին անգամ այս քարանձավում գինեգործության հետքեր էին գտնվել դեռ 2008թ.-ին: Այժմ Արենի քարանձավում գտնված մի քանի կերամիկական խեցամանների վրա հայտնաբերված նյութերի քիմիական անալիզը թույլ տվեց ապացուցել, որ քարանձավի բնակիչներն իսկապես զբաղվել են գինեգործությամբ մոտավորապես մ.թ.ա. 4000 թվականին:

Բացի այդ, հնագետները հայտնաբերել են նաև մամլիչի մնացորդներ, գինու պահպանման համար նախատեսված սափորներ և «արտադրության թափոններ»՝ խաղողի հատիկներ, քամած հատապտուղների մնացորդներ,  ցողուններ:
Գիտնականների համար առավել դժվար խնդիր էր ապացուցել, որ քարանձավի բնակիչները զբաղվել են հենց գինեգործությամբ:
Ոգելից խմիչքներ ստանալու համար ածխաջրերի խմորումը համարվում է պալեոլիթի դարաշրջանից նեոլիթի դարաշրջան անցումը նշանավորող գլխավոր գյուտը:

«Համարվում է, որ այս տեխնոլոգիան գործոններից մեկն է, որը հանգեցրել է բուսական կուլտուրաների և խեցեգործության առաջացմանը», - գրում են գիտնականները:

Սովորաբար գինեգործության հնագիտական ապացույց է համարվում կերամիկական անոթների մնացորդների վրա այս կամ այն նյութերի հետքերի առկայությունը, մասնավորապես՝  գինեքարի թթվուտի և խեժի առկայությունը, որոնց ավելացնում են գինու մեջ՝ այն ավելի լավ պահպանելու համար: Սակայն գինեքարի թթվուտ կա նաև բազմաթիվ բույսերում և մրգերում, չնայած ավելի քիչ խտությամբ, քան խաղողում:

«Կարմիր գինու առկայությունն ապացուցող լավագույն քիմիական ինդիկատորը մալվիդին-ֆլավանոյիդն է, որը խաղողին ու գինուն կարմիր գույն է հաղորդում, այն առկա է համեմատաբար ավելի քիչ բույսերում», - նշվում է հոդվածում:

Այս նյութն իր հերթին արտադրում է սիրինգաթթու, որն էլ հայտնաբերվել է գիտնականների կողմից քրոմատոգրաֆիայի և սպեկտրոսկոպիայի օգնությամբ:

«Արենի 1» քարանձավային համալիրի պեղումները մեկնարկել են 2007 թ.-ին: Բացառիկ միկրոկլիմայի շնորհիվ այս համալիրում պահպանվել են քարե դարին պատկանող օրգանական նյութեր՝ լաթի, բուրդի և այլ նյութերի կտորներ, ինչը բացառիկ հնարավորություններ է տալիս հնագույն տեխնոլոգիաների և մշակույթների ուսումնասիրման համար:-0-