ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նորարարական զարգացումը Հայաստանում և հետխորհրդային տարածքում ընդհանուր առմամբ պետք է հիմնվի, նախևառաջ, կադրերի և հատկապես երիտասարդ կադրերի վրա, «Նորարարական համագործակցությունն ԱՊՀ տարածքում» Մոսկվա-Երևան-Աստանա-Կիև տեսակամուրջի ընթացքում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
«Հիմնական շեշտադրումը ողջ հետխորհրդային տարածքում դրվում է ենթակառուցվածքների ստեղծման վրա։ Ենթակառուցվածքներն, անշուշտ, կարևոր նշանակություն ունեն, սակայն հիմնական շեշտադրումն իմ կարծիքով պետք է դրվի կադրերի վրա»,- ասաց UITE գործադիր տնօրենը։
Ըստ նրա, նորարարական զարգացման պարտադիր պայման է այն մարդկանց կրիտիկական զանգվածի ստեղծումը, ովքեր շահագրգռված են նորարարություններով և գաղափարներ են ստեղծում։
«Անհրաժեշտ է նաև գործարարների որոշակի կրիտիկական զանգվածի ակտիվացումը, որպեսզի նրանք պատրաստ լինեն իրականացնել նորարարական նախագծեր։ Հնարավոր չէ նորարարական զարգացում առանց ընդհանուր մոտեցման, որը կօգնի երիտարարդներին գնալ նորարարական բիզնեսի ոլորտ»,- նշեց Վարդանյանը։
Եվս մեկ կարևոր խնդիր նա անվանեց գաղափարների ստեղծման խնդիրը։
«Իմաստ ունի ստեղծել ԱՊՀ խնդիրների որոշակի բազա, որի վրա կհիմներ մեր գործունեությունը»,- ընդգծեց Միության տնօրենը։
Նա նշեց նաև, որ նորարարական զարգացումը հետխորհրդային տարածքի երկրներում ավելի մեծ PR-բաղկացուցիչ ունի, քան թե իրական գործողություններ։
«Որոշակի իմաստով շատ են սկսել խոսել նորարարական զարգացման մասին, և հաճախ դա օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Եթե խոսվող ծրագրերի 10 տոկոսն իրագործվեր, ապա մենք բոլորովին այլ մակարդակ կունենաինք»,- ավելացրեց նա։
Բացի այդ, Վարդանյանի կարծիքով, պետք է միջավայր ստեղծել այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են նորարարություններով, այդ թվում՝ միջազգային մակարդակով։
«Եթե մենք խոսում ենք երիտասարդության ներգրավման անհրաժեշտության մասին, ապա մենք պետք է հոգ տանենք խմբակների, ակումբների ձևավորման մասին, որտեղ նրանք գաղափարներ կփոխանակեն և նախագծեր կքննարկեն»,- ասաց UITE գործադիր տնօրենը։ -0-