ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԳԱԱ-ն հայտարարել է «Մոլեկուլյար և բջիջների կենսաբանության հեռանկարները» երիտասարդական գիտաժողովի հաղթողների անունները։
Գիտաժողովի արդյունքներով հաղթող են ճանաչվել երիտասարդ գիտնականներ Նելլի Հովհաննիսյանը, Սոնա Արամյանը և Ջիվան Խլղաթյանը։ Հաղթողները ստացել են վկայականներ և դրամական պարգևատրում՝ ԱՄՆ 100 դոլարին համարժեք։ Բացի այդ, ևս ութ հոգի խրախուսական մրցանակներ են ստացել։
«Ներկայացված աշխատանքներն ապացուցում են, որ մեր երիտասարդ գիտնականները մեծ ներուժ ունեն, և մեր ընդհանուր խնդիրը պետք է լինի դրա զարգացմանը նպաստելը։ Գիտնականը պետք է մշտապես զարգանա և երբեք կանգ չառնի ձեռքբերվածով»,- լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ թղթակից Արմեն Թռչունյանը։
Գիտաժողովին մասնակցել է 50 երիտասարդ գիտնական, որոնք ընդգրկված են ՀՀ ԳԱԱ գիտական հաստատությունների տարբեր ծրագրերում, բուհերում, գիտական և բժշկական հաստատություններում։
Ներկայացված ծրագրերի թվում առավել մեծ նշանակություն ունեն չարորակ հիվանդությունների մոլեկուլյար հիմքերի ուսումնասիրության վերաբերյալ զեկույցները, շաքարախտի, իմունային անբավարարության վերաբերյալ զեկույցները, ինչպես նաև բջջային ակտիվության միջնորդների կիրառման ոլորտի վերաբերյալ մոլեկուլյար-կենսաբանական հետազոտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների մասին զեկույցները։
«Մոլեկուլյար և բջիջների կենսաբանության հեռանկարները» երիտասարդական գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի կողմից՝ Ակադեմիայի նախագահության աջակցությամբ։--0—