Հայաստանում նախատեսվում է բացել հայտնի լոնդոնյան Կավենդիշ համալսարանի մասնաճյուղը (Cavendish University), հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Cavendish university Armenia-ի գործադիր տնօրեն Նորայր Մեհրաբյանը։
«Հայաստանում գործում են տարբեր մասնավոր համալսարաններ, բայց Կավենդիշ համալսարանն առանձնանում է դասավանդման հատուկ մեթոդաբանությամբ»,-ասաց Մեհրաբյանը։
Նրա խոսքերով, համալսարանի բացման ուղղությամբ աշխատանքները տարվում են արդեն երեք ամիս։ «Մենք արդեն ներկայացրել ենք արտոնագիր ստանալու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,-ասաց նա։
Մեհրաբյանի խոսքերով, մինչև արտոնագրի ստանալը, հոկտեմբերի 15-ից համալսարանում կկազմակերպվեն մեկայա և երկամյա դասընթացներ մի շարք առարկաներով, մասնավորապես՝ «բիզնես-անգլերեն», «տեղեկատվական տեխնոլգիաներ մենեջերների համար», «տեղեկատվական համակարգեր», «կադրային մենեջմենտ», «հաշվապահություն», «մարկետինգ», «մենեջմենտի ունակություններ»։
«Համալսարանի դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է անգլերեն լեզվի իմացության քննություն հանձնել»,-ասաց նա։
Մեհրաբյանի խոսքերով, ուսման տարեկան վարձը կազմում է 360 հազ. դրամ (շուրջ 1000 ԱՄՆ դոլար)։
Նա հավելեց նաև, որ համալսարանում կդասավանդեն հայ դասախոսներ արտասահմանյան դասավանդման ծրագրով։
Կավենդիշ լոնդոնյան համալսարանը 20-ամյա պատմությամբ ամենից վարկանիշային ուսումնական հաստատություներից է համարվում։ Համալսարանն իր մասնաճյուղերն ունի Հնդկաստանում, Չինաստանում, Զամբիայում, Իրանում։--0--