Օրական երկու բաժակ գինին կօգնի այրել ճարպը. հետազոտություն

19.04.2016, 16:05
Կարմիր գինին պարունակում է ռեսվերատրոլ, որը գինին վերածում է ճարպ այրող, ինչպես նաև Ալցհայմերի հիվանդության զարգացումը կանխարգելող խմիչքի։
Օրական երկու բաժակ գինին կօգնի այրել ճարպը. հետազոտություն
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Կարմիր գինին պարունակում է ռեսվերատրոլ հակաօքսիդանտ, որը գինին վերածում է ճարպ այրող, ինչպես նաև Ալցհայմերի հիվանդության զարգացումը կանխարգելող խմիչքի։  


Բարի լուր գինու սիրահարների համար` գիտնականները եկել են եզրակացության, որ օրական երկու բաժակ այս խմիչքի օգտագործումն օգնում է այրել ճարպը։ Դա է հաստատել գիտական հետազոտությունը, որի արդյունքները հրապարակել է La Vanguardia թերթը, գրում է ՏԱՍՍ–ը։ 

Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները, ինչպես նշում է պարբերականը, 13 տարիների ընթացքում հետևել են տարբեր տարիքի գրեթե 20 հազար կանանց կենսակերպին։ Ուսումնասիրության ավարտին նրանք եկել են այն եզրահանգման, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը նվազեցնում է ավելորդ քաշի ռիսկը և օգնում է պայքարել ճարպակալման դեմ։

 - рис.1

«Որոշ գիտական ուսումնասիրություններ հաստատել են, որ միջերկրածովյան սննդակարգում գինու չափավոր օգտագործումը` օրական 250 մլ, առավելություններ ունի»,– նշում է դիետոլոգ Սարա Անտոլինը, ում խոսքն է մեջբերում թերթն ի հաստատումն ամերիկացի գիտնականների եզրակացությունների։

«Խոսքը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, «վատ» խոլեստերինի մակարդակի նվազման և «լավ» խոլեստերինի մակարդակի բարձրացման, արյան շրջանառության բարելավման կամ աթերոսկլերոզի կանխարգելման մասին է»,– պարզաբանում է փորձագետը։

Բացի այդ, Անտոլինի խոսքով, կարմիր խաղողը պարունակում է ռեսվերատրոլ, որն օգնում է այրել ճարպը և պայքարել Ալցհայմերի հիվանդության դեմ։ Ըստ դիետոլոգի, ռեսվերատրոլը սպիտակ ճարպը վերածում է գորշի, ինչն էլ օգնում է այրել կալորիաները, բարձրացնում է ֆիզիկական աշխատունակությունը և բարելավում սրտի ֆունկցիաները ու մկանների վիճակը ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկական վարժություններ կատարելիս։

 - рис.2

Միաժամանակ, գիտնականների կարծիքով, այս հակաօքսիդանտն ավելի լավ ազդեցություն ունի կանանց վրա, քան տղամարդկանց։ Դրա պատճառն այն է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների օրգանիզմն «ալկոհոլը յուրացնելու համար անհրաժեշտ պակաս թվով ֆերմենտներ է արտադրում, ուստի այն մարսելու համար ավելի շատ էներգիա է անհրաժեշտ»։

 - рис.3

Այնուամենայնիվ, նշում են մասնագետները, պարտադիր չէ ռեսվերատրոլ ստանալ։ Այդ հակաօքսիդանտով են հարուստ հապալասը, ազնվամորին, ելակը, խաղողը և խնձորը։ -0-