Գրիպի դեմ ունիվերսալ դեղամիջոց է ստեղծվել
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի գիտնականները Դեբորա Ֆուլերի (Deborah Fuller) գլխավորությամբ գրիպի դեմ ունիվերսալ դեղամիջոց են մշակել: Այն ազդում է վիրուսային ցանկացած շտամի վրա, գրում է medportal.ru-ն:
Հայտնի է, որ գրիպի վիրուսը բարձր փոփոխականությամբ է օժտված: Օգտագործելով համակարգչային մոդելավորումը` Վաշինգտոնի համալսարանի (University of Washington) գիտնականները հեմագլյուտինինի մոլեկուլի` մակերեսային վիրուսային սպիտակուցի կառուցվածքում հայտնաբերել են մի հատված, որը պակաս փոփոխությունների է ենթակա:
Նրանք սինթեզել են պեպտիդային մոլեկուլ, որն ընդունակ է եղել կապվել հայտնաբերված հատվածի հետ և կանխել վիրուսի ներթափանցումը բջջի մեջ:
HB36.6 անունը ստացած դեղամիջոցն արդեն փորձարկում է անցել մկների վրա: Այն բավականին լավ կանխել է վիրուսով վարակվելը նույնիսկ այն դեպքում, երբ կենդանիները դեղամիջոցի ներարկումից երկու օր անց ստացել են վիրուսի մահացու չափաբաժին: HB36.6-ն ավելի արդյունավետ էր, քան օսետալմովիրը, իսկ դրանց համատեղ օգտագործումն ավելի մեծ պաշտպանիչ էֆեկտ ուներ:
Մշակողները նշել են, որ շուտով պատրաստվում են անցկացնել նոր դեղամիջոցի կլինիկական փորձարկումներ: -0-