Ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված չէ գլխուղեղի կիսագնդերի հետ. գիտնականներ

20.02.2017, 21:08
Բոհումի Ռուրի համալսարանի գիտնականների խումբը հերքել է գոյություն ունեցող կարծիքը, թե ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված է ուղեղի կիսագնդերի հետ։
Ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված չէ գլխուղեղի կիսագնդերի հետ. գիտնականներ
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բոհումի (Գերմանիա) Ռուրի համալսարանի գիտնականների խումբը հայտարարել է, որ ձախլիկության–աջլիկության պատճառը ողնուղեղում է։ Նրանց հետազոտությունների համաձայն, ողնուղեղի նեյրոններում գեների ասիմետրիկ ակտիվությունը կարելի է գրանցել արդեն սաղմի մոտ, գրում է life.ru–ն։ 

Ավելի վաղ համարվում էր, որ մարդու` ձախլիկ կամ աջլիկ լինելը կապված է ուղեղի ձախ կամ աջ կիսագնդերի տարբեր ակտիվությունից։ Սակայն կենսաբանները և հոգեբանները Ռուրի համալսարանի մասնագետ Սեբաստիան Օքլենբուրգի գլխավորությամբ պարզել են, որ դրա պատճառը ողնուղեղն է։

Բանն այն է, որ ձեռքերի շարժումները վերահսկում է ուղեղի շարժողական կեղևը, այդ իսկ պատճառով գիտնականներն անհամաչափություն էին փնտրոմ գլխուղեղի կիսագնդերում։ Մինչդեռ սաղմի զարգացման առաջին շաբաթներում գլխուղեղի շարժողական կեղևի և ողնուղեղի միջև կապերը դեռ ձևավորված չեն։

Քանի որ աջ կամ ձախ ձեռքով շարժումների կատարման նախընտրությունը ձևավորվում է դեռ չծնված պտղի մոտ, ապա գեների ակտիվությունը գնահատվում էր 8-12–շաբաթական սաղմերի մոտ։ Արդյունքում ողնուղեղի` ձեռքերի և ոտքերի շարժման համար պատասխանատու սեգմենտներում գիտնականներն ասիմետրիկ տարբերություններ են հայտնաբերել։ -0-