Ամփոփվեցին «Հեքըթոն 2016» մրցույթի արդյունքները

03.10.2016, 15:53
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հոկտեմբերի 1-ին անցկացրին «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը:
Ամփոփվեցին «Հեքըթոն 2016» մրցույթի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հոկտեմբերի 1-ին անցկացրին «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Միջոցառումն անցկացվում էր «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնում: Այս տարի մրցույթի կազմակերպիչներն արձանագրել են բարձր հետաքրքրություն միջոցառման նկատմամբ. «Հեքըթոն»-ին դիմել էր երկու տասնյակից ավելի թիմ:

«Հեքըթոն» մրցույթի նպատակն է` խրախուսել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդներին օգտագործել ժամանակակից տեխնոլոգինաերի հնարավորությունները և առաջարկել հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող թվային ու նորարար լուծումներ։

Հաղորդագրության համաձայն, Մրցույթի ընթացքում մասնակից թիմերը 12 ժամվա ընթացքում մշակեցին հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետև ներկայացվեցին մասնագետների և մենթորների դատին։ Մրցույթի հանձնաժողովը, ծանոթանալով ներկայացված լուծումներին, որոշեց լավագույններին՝ որպես ընտրության չափանիշ կիրառելով 12 ժամում կատարված աշխատանքի ծավալը, գաղափարի նորարարությունը և արդիականությունը։

Հաղթող ճանաչվեցին ArmCover և TopSoft թիմերը, որոնք ստացան, համապատասխանաբար, 1000 և 500 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ:

«ArmCover թիմը մշակել էր հեռախոսային խոսակցությունները կոդավորող և ապակոդավորող ծրագիր, որը կարող է օգտագործվել բանակում կամ գաղտնի տեղեկատվություն հաղորդելիս, իսկ TopSoft թիմն առաջարկում էր բարելավել հաճախորդների սպասարկումը խելացի Facebook bot-ի միջոցով։ Երրորդ տեղը զբաղեցրած Ask@run թիմը Մայքրոսոֆթ ընկերության կողմից ստացավ խրախուսական մրցանակներ», - նշվում է հաղորդագրության մեջ։

«Հեքըթոն»-ի ձևաչափը մասնակիցներից պահանջում է որոշակի գաղափարի առկայություն և հնարավորություն է տալիս 12 ժամվա ընթացքում աշխատել թիմի կազմում և փորձել առավելագույն կերպով այն կյանքի կոչել: Մրցույթի անցկացման նման մոտեցումն օգտակար է նաև մասնակիցների համար, քանի որ հնարավորություն է տալիս աշխատել թիմում և խնդիրների լուծմանն ավելի օբյեկտիվ մոտենալ: Ես, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչները, վստահ ենք, որ այն կգտնի թարմ մոտեցում և նոր գաղափարներ, որոնք կնպաստեն երկրում հեռահաղորդակցության ոլորտի ավելի արագ զարգացմանը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանի խոսքով, հեռահաղորդակցության ոլորտը հետաքրքիր է և ունի շատ խնդիրներ, որոնց շուրջ մրցույթին հայտ ներկայացրած թիմերը փորձել են մշակել նորարար տեխնոլոգիական լուծումներ։

«Մենք ստացել էինք 32 թիմերի դիմում-հայտեր, և նախնական ընտրության արդյունքում հեքըթոնին մասնակցեցին 17 թիմեր։ Առաջարկվող նախագծերը փորձում էին լուծել տարբեր խնդիրներ՝ սկսած Facebook bot-ից մինչ արհեստական ինտելեկտի միջոցով հաճախորդների վերլուծություն և ավելի լավ սակագնային փաթեթի առաջարկում։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը մշտապես խրախուսում է երիտասարդներին զբաղվել տեխնոլոգիական ձեռներեցությամբ, և հեքըթոնների և աքսելերացիոն ծրագրերի միջոցով աջակցում նրանց», - նշել է նա:

«ԱրմենՏել» ընկերությունից հիշեցրին, որ Beeline-ն ավանդաբար աջակցում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանին ամենամյա հեքըթոնների անցկացման գործում:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-