Կայացել է «.հայ» դոմենային գոտու գործարկման շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում չորեքշաբթի կայացավ «.հայ» հայատառ դոմենային գոտու բացման շնորհանդեսը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Այսօր մեր երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, և հայատառ դոմենային գոտու աշխատանքի սկիզբը կարող է իր կարևոր դերն ունենալ՝ բոլորիս միավորելով մեր ազգային արժեքների շուրջը», – հայտարարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը։ Նրա խոսքով` «.հայ» դոմենային գոտում «նախագահ.հայ»-ը կլինի առաջին պաշտոնական հայատառ դոմենը:
Մամուլի ծառայությունից նշեցին, որ «.հայ» դոմենային անվան օգտագործումը կխթանի հայկական ստեղնաշարի օգտագործումը Սփյուռքում, հայկական տառատեսակների լայն ներդրումը ժամանակակից բջջային սարքերում, թույլ կտա զարգացնել հայերենի իմացության մակարդակը համացանցում: