ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Բիրմինհեմի (Մեծ Բրիտանիա) Աստոնի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնը (Anthony Hilton) ապացուցել է այսպես կոչված «հինգ վայրկյանի» կանոնի ճշմարտացիությունը:
Այս մասին հաղորդում է
Lenta.ru-ն` հղում անելով The Independent-ին:
Այս «կանոնի» համաձայն, գետնին կամ հատակին ընկած մթերքը անվտանգ է ուտել, եթե այն բարձրացվում է 5 վայրկյանի ընթացքում: Դա կապված է այն փաստի հետ, որ մանրէները, որոնք կարող են անցնել մթերքի վրա այդ ընթացքում, այնքան քիչ քանակության կլինեն, որ հեշտությամբ կքայքայվեն ստամոքսահյութի միջոցով:
«Ակնհայտ է, որ չի կարելի ուտել մթերքը, որի վրա կեղտի շերտ է երևում: Սակայն գիտական տեսանկյունից, եթե աղտոտվածության տեսանելի նշաններ չկան, ապա մի քանի վայրկյանում մթերքի վրա վնասակար մանրէների առկայությունը չնչին է», - պարզաբանել է Հիլթոնը:
Ընդ որում, նա նշում է, որ գետնին ընկած մթերքի օգտագործումն ամեն դեպքում իր մեջ վտանգ ունի. «Դա չի նշանակում, որ մանրէները ոչ մի կերպ չեն կարող հայտնվել մթերքի վրա», – նշում է նա։
Հիլթոնը նաև հարցում է անցկացրել երկու հազար մարդկանց շրջանում, որոնցից 79 տոկոսը նշել է, որ չի զզվում գետնին ընկած մթերքից և առնվազն մեկ անգամ կերել է գետնին ընկած մթերք: -0-