ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երկրին մոտեցող «Ֆլորենս» խոշորագույն աստերոիդը չի բախվի մոլորակի հետ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
NASA–ն վերջերս տեղեկացրեց, որ Երկիր մոլորակին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը։ Նշվում է, որ «Ֆլորենս» օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թ.–ի սեպտեմբերի 1-ին (7 միլիոն կիլոմետր): Աստերոիդի տրամագիծը 5 կմ է։
«Գիտենք, որ աստերոիդը կգտնվի Երկրից նվազագույն հեռավորության վրա (7 մլն կմ) սեպտեմբերի 1–ին։ Դա համարվում է բավականին մոտ հեռավորություն։ Այդուհանդերձ, աստերոիդը չի բախվի Երկրի հետ և որևէ վտանգ չի ներկայացնում։ Դա պարզապես ազդանշան է, որպեսզի մենք միշտ զգոն լինենք», – ավելացրեց Միքայելյանը։
Նրա խոսքով, այսօր գոյություն ունեն մոտ 15 հազար աստերոիդներ, որոնք մոտ են Երկիր մոլորակին։
«Օրինակ, մի քանի տարի առաջ Երկրի և Լուսնի միջև անցավ մի աստերոիդ, որը գտնվում էր շատ ավելի մոտ հեռավորության վրա», – ընդգծեց Միքայելյանը։
Նա նշեց, որ «Ֆլորենս» աստերոիդը հետաքրքիր է իր ծավալներով։
«Աստերոիդի չափը մոտ 4,5 կմ է, ինչը բավականին մեծ ցուցանիշ է, քանի որ նման աստերոիդները շատ արագ են և բախման դեպքում կարող են վնասել հարյուրավոր կիլոմետր տարածք», – ավելացրեց Միքայելյանը։
Նա ընդգծեց, որ եթե աստերոիդն ընկնի քաղաքի վրա, այն կարող է ամբողջության ոչնչանալ, իսկ օվկիանոս ընկնելու դեպքում` առաջացնել հզոր ցունամի։
«Այդուհանդերձ, անգամ բախման դեպքում նման չափի աստերոիդը չի կարող ոչնչացնել ողջ Երկիր մոլորակը։ Այն կարող է հանգեցնել միայն լոկալ աղետի», – ավելացրեց Միքայելյանը։
Նա նշեց, որ աստերոիդի տեղաշարժին կարելի է հետևել փոքր աստղադիտակների միջոցով։
«Այդ աստերոիդն անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, սակայն այն կարելի է տեսնել աստղադիտակի միջոցով։ Այդուհանդերձ, Հայաստանից այդ ամենն այդքան էլ լավ չի երևա, քանի որ աստերոիդն ավելի մոտ կլինի Երկրի հարավային կիսագնդին», –ասաց Միքայելյանը։
Ավելի վաղ «Ֆլորենս» օբյեկտը մոլորակին մոտեցել է 1890 թվականին: Աստերոիդն հայտնաբերվել 1981 թ-ին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում