Դուբայի լողափերում այսուհետ կհայտնվեն ռոբոտ-փրկարարներ

06.09.2016, 23:04
Դուբայի քաղաքապետարանը, քաղաքի լողափերի անվտանգության համակարգի ծրագրի շրջանակում, ներկայացրել է 125 սմ երկարություն ունեցող ռոբոտ-փրկարարի մոդել:
Դուբայի լողափերում այսուհետ կհայտնվեն ռոբոտ-փրկարարներ
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դուբայի քաղաքապետարանը, քաղաքի լողափերի անվտանգության համակարգի ծրագրի շրջանակում, ներկայացրել է 125 սմ երկարություն ունեցող ռոբոտ-փրկարարի մոդել, հաղորդում է The National թերթը:

Արտաքնապես նավակի տեսք ունեցող ռոբոտը ղեկավարվում է հեռակառավարմամբ և զարգացնում մինչև 35 կմ/ժ արագություն, ինչը 12 անգամ գերազանցում է մարդու արագությունը:

Սարքն ապահովված է էլեկտրական պոմպով, ինչը հեշտացնում է երթևեկությունը և արագությունը, ինչպես նաև թույլ է տալիս հաղթահարել մինչև 130 կմ տարածություն։

Ռոբոտի քաշը 11 կգ է: Այն աշխատում է վերալիցքավորվող մարտկոցներով և կարող է դիմանալ հզոր ալիքների: Միաժամանակ, ռոբոտը կարող է տեղափոխել 4-ից 5 մարդ։ Ամբողջական լիցքավորումը տևում է 45-90 րոպե և բավական է առնվազն 30 փրկարարական գործողությունների համար, նշվում է հաղորդագրության մեջ:

Դուբայի քաղաքապետարանի Շրջակա միջավայրի բաժնի ղեկավարի խոսքով, նման տեխնոլոգիաների կիրառումը հանգստացողների անվտանգության ապահովումն է և Դուբայի հասարակական լողափերում փրկարարական աշխատանքների բարելավումը: -0-