«Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության նախընտրական ցուցակը կքննարկվի կուսակցության համագումարի ընթացքում. խմբակցության ղեկավար

06.02.2012, 15:34
«Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության նախընտրական ցուցակը կքննարկվի կուսակցության համագումարի ընթացքում. խմբակցության ղեկավար

«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը կքննարկվի կուսակցության՝ մարտի 3-ին կայանալիք համագումարի ընթացքում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Ըստ նրա,  կուսակցության համագումարի ընթացքում կքննարկվեն բոլոր նախընտրական հարցերը:

«Մեր կուսակցությունը մրցակցային է եղել 15 տարի շարունակ և մասնակցել է բոլոր ընտրություններին՝ ներկայացնելով իր ծրագրերը: Կարծում եմ, որ «Օրինաց երկիր» կուսակցության առաքելությունն ու հաջողության գրավականն իր կատարած աշխատանքն է»,- ասաց նա:

Ըստ Բիշարյանի, կուսակցության  ներկայացրած ծրագիրն ուղղված կլինի որոշակի սոցիալական շերտի շահերին և կկարողանա ավելացնել իր ընտրողների վստահությունը: Նա նշեց նաև, որ կուսակցության ընտրողների քանակը զգալիորեն կավելանա, քանի որ վերջին երեք տարիների ընթացքում կուսակցությունը որոշակի առաջընթաց է գրանցել:

«Մեր երկրում բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան, և մեր խնդիրը դրանք լուծելն է: Վստահ եմ, որ այս անգամ մենք կնվաճենք ժողովրդի վստահությունը և կրկին կծառայենք նրան»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակում կընդգրկվեն  բացառապես ակտիվ քաղաքական գործիչները, ովքեր վայելում են ընտրողների վստահությունը:

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն օրենքների երկրի վերածվի, և դա մեր կուսակցության առաքելությունն ենք համարում»,- հայտնեց Բիշարյանը:

Միաժամանակ Բիշարյանը հայտնեց, որ կուսակցությունը հավանաբար մեծամասնական համակարգով թեկնածուներ չի առաջադրի բոլոր տեղամասերում:

«Ցանկացած քաղաքական ուժի համար նպատակահարմար չեմ համարում  բոլոր 41 ընտրական տեղամասերում ընտրություններին մասնակցելը, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժի համար  մեծամասնական համակարգով առաջադրվելը բարդություն է ներկայացնում»,- ասաց նա:

Բիշարյանի կարծիքով՝ ընտրությունների ընթացքում ընդդիմությունը նույնպես որոշակի տեղ կզբաղեցնի խորհրդարանում, և դա դրական ազդեցություն կունենա օրենսդրական մարմնի աշխատանքի վրա:
Նա հիշեցրեց նաև, որ 2013թ.-ի նախագահական ընտրություններին ՕԵԿ-ը կսատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
Հայաստանում ԱԺ ընտրությունները կանցկացվեն 2012 թվականի մայիսին:--0-