Հայ քաղաքագետն Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հույս ունի

26.12.2011, 15:00
Հայ քաղաքագետն Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հույս ունի
Հայ քաղաքագետն Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հույս ունի

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը հույս ունի, որ իսրայելական Կնեսետը կճանաչի 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացրած Հայոց ցեղասպանությունը:

Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի Կրթության հարցերի հանձնաժողովը երկուշաբթի  կսկսի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը: Հարցն Իսրայելի Կնեսետում ներկայացվել է խոսնակ Ռեուվեն Ռիվլինի նախաձեռնությամբ:

«Մեծ հույսեր ունեմ, որ իսրայելական հասարակությունում կհաղթի առողջ դատողությունը, և իսրայելացիներն իրենց բարոյական պարտքը կհամարեն մի շարքում կանգնել նրանց հետ, ով ճանաչում է ցեղասպանությունից տուժած ժողովրդի իրավունքները»,- երկուշաբթի ասաց Բեքարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Այդ համատեքստում նա նշեց, որ միշտ վստահ է եղել, որ հայերը բարոյական պարտքի զգացում ունեն երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ: «Մենք այն ազգն ենք, որին ցեղասպանությունից հետո բազմաթիվ երկրներ հնարավորություն տվեցին ապրելու իրենց տարածքում, իրենց հացը վաստակել և ապահովեցին նրանց անվտանգությունը: Մեզանից ավելի լավ ոչ ոք չգիտի, թե ինչ է նշանակում ազգային փոքրամասնություն»,- պարզաբանեց նա:

Քաղաքագետի խոսքով, նմանատիպ մոտեցում, կարծես թե, կարելի էր ակնկալել նաև Իսրայելից, որի ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը ճանաչվել է:

«Սակայն, ցավոք, մինչև վերջին ժամանակներն Իսրայելում աշխատել է ցեղասպանության հասկացության մոնոպոլիզացման բանաձևը»:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-