ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան սպառնում է հետ կանչել իր դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) դեկտեմբերի 22-ին հաստատի 1915-1916 թվականներին Հայոց ցեղասպանության փաստի ժխտում պատժելու մասին օրենքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանս Պրես գործակալությանը:
Ազգային ժողովը քվեարկություն կանցկացնի մի օրինագծի շուրջ, որը ենթադրում է մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք գեղասպանության ժխտման համար: «Անուղղելի հետևանքներ կլինեն երկկողմ հարաբերությունների բոլոր բնագավառներում՝ սկսած մեր դեսպանին անորոշ ժամանակով խորհրդատվությունների համար հետ կանչելուց, կախված Ֆրանսիայի Ազգային ժողովի քվեարկությունից»,- գործակալությանը հայտնել է դեսպանության մամուլի քարտուղար Էնգին Սոլաքօղլուն (Engin Solakoglu):
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Այս տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Երևան կատարած այցի ժամանակ հույս է հայտնել, որ թուրք իշխանություններն ու հասարակությունը խելամիտ կգտնվեն հայոց ցեղասպանության հարցում, և դա կկատարվի իր պաշտոնավարման տարիներին: -0-