Երևանը բարեկամ Վիետնամի հետ հարաբերությունները խորացնելու ցանկություն ունի. Սարգսյան

10.11.2011, 14:59
Երևանը բարեկամ Վիետնամի հետ հարաբերությունները խորացնելու ցանկություն ունի. Սարգսյան

Հայաստանը ցանկանում է խորացնել հարաբերությունները բարեկամ Վիետնամի հետ, հինգշաբթի Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆամ Սուան Շոնից (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերն ընդունելիս՝ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Նախագահը շնորհավորել է դեսպանին, հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնելու ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ կապերի ընդլայնման և համագործակցության զարգացման հնարավորությունները:
Զրուցակիցները կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ աշխատանքը, տարբեր մակարդակներում երկկողմ հարաբերությունների զարգացման հետ միասին, իբրև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ, Ֆրանկոֆոն երկրների և նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում ակտիվ փոխգործակցությունը:

Վիետնամի դեսպանը նշել է, որ իր երկրի արտաքին քաղաքականության մեջ կարևորվում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը:

Նրա խոսքով՝ Վիետնամում հարգանքով ու երախտագիտությամբ են վերաբերվում Հայաստանին և հայ ժողովրդին, ում կողմից դեռևս խորհրդային ժամանակաշրջանից իր երկրին անհրաժեշտ աջակցություն և բարեկամական վերաբերմունք է ցուցաբերվել: -0-