ՀՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թվականի մայիսի 6-ին. խոսնակ

02.11.2011, 20:03
ՀՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թվականի մայիսի 6-ին. խոսնակ
ՀՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թվականի մայիսի 6-ին. խոսնակ

ՀՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թվականի մայիսի 6-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

«Իմ հրաժարականի պրոցեսը նոյեմբերի 21-ին նոր կավարտվի, հաշվենք, որ նոյեմբեր ամիսը ավարտվեց, և քիչ ամիսներ են մնում, մայիսի 6-ին Ազգային ժողովի ընտրություններն են»,- ասել է Աբրահամյանը:

Նախօրեին ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է հրաժարական տալու իր մտադրության մասին՝ 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու նպատակով:
Խոսնակի խոսքով, իր հրաժարականն անհրաժեշտ է շտաբերի ձևավորման համար:

«Այս հինգ ամիսն անհրաժեշտ են շտաբերի ձևավորման համար, իմ կարծիքով, երկար ժամանակ չէ, նույնիսկ կարճ է: Դա ոչ միայն կենտրոնական շտաբի խնդիրն է, այլ 900-ից ավելի համայնքներում պետք է շտաբեր ձևավորենք: Դա մեծ, երկարատև պրոցես է»,- ասել է խոսնակը:
Նա հիշեցրել է, որ երկու կարևոր շտաբ է ղեկավարել` 2007-ի խորհրդարանականը և 2008-ի նախագահականը, և որ շատ լավ է պատկերացնում այդ աշխատանքը:

«Նախագահը, կուսակցությունը և ես, ելնելով փորձից, կարևորում ենք նախընտրական շտաբի գործունեությունը, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում համատեղել այս երկու աշխատանքները, չեմ ցանկանում նաև ստվեր գցել Ազգային Ժողովի նախագահի պաշտոնի վրա և կարծում եմ, որ կուսակցության, մեր թիմի համար կարևոր է 2012 թվականի ընտրությունների արդյունքը»,- ասել է Աբրահամյանը:
Նա նշել է, որ իր քայլերով ցանկանում է ապացուցել, որ «աթոռին չի կառչում»: «Ես կարող եմ շտաբ ղեկավարել և գլխավորել ու հաջողությունների հասնել՝ չլինելով խորհրդարանի խոսնակ»,- ասել է ԱԺ նախագահը: -0-