Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավարը նշում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմի աճող վտանգը
Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականությունը վերջին ժամանակներում ավելի է աճում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։
«Բազմաթիվ փաստերի ուսումնասիրման և մանրազննին վերլուծության հիման վրա կարելի է եզրակացնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականությունը ներկայում չափազանց մեծ է, քանի որ Ադրբեջանն արբած է նավթադոլարի առատությունից, կորցրել է իրականության զգացումը, և Ալիևն ինքը հավատում է անհաղթելիության հեքիաթին»,- կարծում է նա։
Այվազյանի կարծիքով, ղարաբաղյան հարցը դանդաղ, բայց նպատակաուղղված ընթանում է դեպի իր տրամաբանական ավարտը, և հնարավոր են հարցի կարգավորման միայն երկու սցենարներ, ընդ որում՝ մեկ ելքով։
«Առաջին սցենարի դեպքում Ադրբեջանը հաշտվում է իրականության հետ և ճանաչում է Ղարաբաղի անկախ կարգավիճակը, ինչը քիչ հավանական է։ Ըստ երկրորդ սցենարի՝ Ադրբեջանը նոր սադրանքներ է սկսում, պատերազմ է ծավալում, պարտություն է կրում, և Լեռնային Ղարաբաղի անկախության փաստը միջազգային ճանաչում է ստանում»,- ասաց Այվազյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

