Հայաստանում անհրաժեշտ է փոխել իշխանության որակը. կուսակցության առաջնորդ
Հայաստանում անհրաժեշտ է փոխել իշխանության որակը, չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային-դեմոկրատական կուսակցության (ԱԴԿ) առաջնորդ Շավարշ Քոչարյանը։
«Որպեսզի պետությունը արդյունավետ զարգանա, որպեսզի հասարակությունը վերահսկի իշխանությանը առաջին հերթին պետք է անցկացնել ազատ ընտրություններ», - ասաց Քոչարյանը։
Նրա խոսքերով, այսօր Հայաստանը պետք է ընտրություն կատարի, կամ նա կշարունակի գնալ միապետության ուղղությամբ, կամ անցում կկատարի ժողովրդավարության ուղի։
«Այսօր նախկին իշխանություններն այժմյա իշխանություններին այլընտրանք չեն, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ինքն է հիմնել գոյություն ունեցող միապետական համակարգը։ Կարծում եմ, որ նախկին իշխանությունների հետդարձը չի դառնա քայլ դեպի առաջ», - ասաց Քոչարյանը։
Նա ընդգծեց նաև, որ մինչև նախընտրական արշավի վերջը այս երկու ուժերի դիմակայության պահպանումը կհանգեցնի իշխանամետ թեկնածուի պարտադիր հաղթանակի։
«Մեզ անհրաժեշտ է նախօրոք սկսված նախընտրական արշավը տեղափոխել ծրագրային մրցակցության, իրենց ծրագրերի ներկայացման և Հայաստանի ապագան տեսնելու մակարդակ», - ասաց Քոչարյանը։
Հերթական նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008 թ.-ի փետրվարի 19-ին։
ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։ --0—