ԼՂՀ կարգավիճակի հարցը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցությունները փակուղի է տանում. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ կարգավիճակի հարցը այսօր ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը փակուղի է տանում։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
«Բանակցությունները միանշանակորեն փակուղի են մտել, որովհետև ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում վերջին շրջանում զարգացումներ և տեղաշարժեր չեն նկատվում»,-ասաց նա։
Ենոքյանը նկատեց, որ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կորցրել են այն լավատեսությունը, որը սովորաբար արտահայտում էին։
Նրա կարծիքով, վերջին տարիներին Հայաստանը «զիջել է կարևոր «խաղաքարտեր», որոնք կարող էր խաղարկել հարցի լուծման համար», ինչը հանգեցրել է հայկական դիրքերի թուլացմանը բանակցային գործընթացում և սեփական պայմանները թելադրելու հնարավորության նվազմանը։
Քաղաքագետի կարծիքով, հիմահարցի լուծման համար անհրաժեշտ է շրջադարձ կատարել դեպի մարդը և նրա պահանջները, հրաժարվել պայքարից «տարբեր խորհրդանիշների, այդ թվում ԼՂՀ կարգավիճակի համար և լուծել ավելի իրական խնդիրներ»,-ընգծեց Ենոքյանը։
«ԼՂՀ-ի կարգավիճակի ճանաչմանը ձգտելով՝ Հայաստանը բանակցությունները փակուղի է տանում, առավել ևս երկու կողմն էլ այս հարցում բավականին անձիջում են», - ընդգծեց Ենոքյանը։
Իր հերթին Հանրապետական կուսակցությունից ընտրված ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանի համար ԼՂՀ կարգավիճակի հարցը վաղուց լուծված է, և մնում է, որ այդ որոշումը ընդունվի նաև միջազգային քաղաքական շրջանակների կողմից։
«ԼՂՀ կարգավիճակի հարցը լուծվում է ոչ թե Հայաստանի կամ Ղարաբաղի բնակչության համար, դա հարց է արտաքին երկրների համար, մեզ համար այն արդեն լուծված է։ Դա արդեն տարածաշրջանի իրական քաղաքական իրավիճակն է, որի հետ ստիպված համակերպվել է նաև Ադրբեջանը, որի հասարակության համար ղարաբաղյան կարգավորման հարցն արդեն արդիական չէ»,-ասաց Աշոտյանը։
Նրա խոսքերով, Հայաստանը և ԼՂՀ-ն պետք է այսուհետև կենտրոնանան զարգացած տնտեսություն և ժողովրդավարական հասարակություն ստեղծելու վրա։ Աշոտյանը նշեց նաև, որ դրան զուգահեռ անհրաժեշտ է ամրացնել ռազմական դիրքերը, ինչը ազգի անվտանգության երաշխիքը կլինի։--0—