Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կաջակցի ղարաբաղյան հակամարտության լայնածավալ կարգավորման ձեռք բերմանը, երեքշաբթի Մոսկվայում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը:
Նա նշել է հակամարտության կողմերի միջև փոխզիջման հասնելուն ուղղված ռուսական նախաձեռնությունները, ընդգծել է, որ գործնականում ամեն ինչ կախված է Բաքվի և Երևանի դիրքորոշումից:
«Կարելի է ձիուն տանել ջրի մոտ, բայց չի կարելի ստիպել նրան, որ խմի»,- ասել է Զանյերը, ով հունիսին զբաղեցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Ըստ նրա՝ ԵԱՀԿ-ն կշարունակի շփան գծում աշխատանքները, ինչպես նաև քաղաքական-դիվանագիտական կարգավորման և սահմանին միջադեպերի անթույլատրելիության ուղղությամբ ջանքերը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-