ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանին խաղաղություն հարկադրելու օպերացիան, որն անցկացրեց Ռուսաստանը 2008 թվականին, «լուրջ դաս» եղավ Լեռնային Ղարաբաղի պատճառով հակամարտող Հայաստանի և Ադրբեջանի համար, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Օգոստոսի 8-ի գիշերը վրացական զորքը հարձակվել էր Հարավային Օսեթիայի վրա և ավերել մայրաքաղաք Ցխինվալիի մի մասը։ Քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել էր, զոհվել էին խաղաղ բնակիչներ և խաղաղապահներ։ Ռուսաստանը տարածաշրջանում Վրաստանին խաղաղություն ստիպելու հնգօրյա օպերացիա իրականացրեց, իսկ օգոստոսի 26-ին ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը:
«Երբ դա (հնգօրյա պատերազմը) տեղի ունեցավ, երկու ղեկավարներն էլ՝ և (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևը, և (Հայաստանի նախագահ Սերժ) Սարգսյանը, ժամանեցին այստեղ՝ Սոչի։ Եվ, գիտեք, թե ի՞նչ ասացին ինձ։ Ասում են՝ վատ է, իհարկե, որ այս ամենը տեղի ունեցավ, Կովկասի համար սա ծանր է։ Ես ասում եմ՝ շատ վատ է, բայց դուք գիտեք, որ սա ձեզ համար որոշակի դաս է, որ ավելի լավ է անվերջանալի բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի ճակատագրի մասին, այն մասին, թե երբևէ կլինի այնտեղ, արդյո՞ք, հանրաքվե, թե ինչպես հասնենք խաղաղ պայմանագրի, քան անցկացնել այդ հինգ զինված օրերը։ Սա նրանց համար լուրջ դաս էր»,- ասել է Մեդվեդևը ռուսական «RT», վրացական «Առաջին տեղեկատվական կովկասյան» հեռուստաալիքին և «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Եթե վերադառնանք այն ժամանակվա կատարվածին, չէ՞ որ, եթե մեր վրացի գործընկերը գոնե մի քիչ խելք ունենար, հնարավոր է՝ մենք նույն կերպ հանդիպեինք Սոչիում, Կազանում, էլի մի այլ վայրում և մտածեինք այն մասին, թե ինչ փոխզիջումներ կարելի է գտնել երբեմնի միասնական պետության մասերի, իսկ այժմ Վրաստանի և անջատված մասերի փոխհարաբերություններում։ Բայց դա քաղաքական գործընթաց կլիներ»,- նշել է ՌԴ նախագահը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նրա կարծիքով՝ հայտնի չէ, թե ինչպիսի հեռանկարներ կունենային այդ բանակցությունները՝ «հնարավոր է, երբեք էլ համաձայնության չգայինք, հնարավոր է, ինչ-որ բանի հասնեինք, ինչ-որ համադաշնություն ստեղծվեր»։
«Իսկ նա (Վրաստանի նախագահը) վերցրեց ու քանդեց իր երկիրը։ Եվ ես կարծում եմ, որ հենց դա էլ կմնա մարդկանց հիշողության մեջ։ Դա է ամենագլխավորը»,- ասել է Մեդվեդևը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-