Հայաստանը դարձել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող ծրագրի GPOI գործընկեր պետություն, ինչի շրջանակում Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացման նպատակով Միացյալ Նահանգներն ակնկալում է տրամադրել մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն 2 տարվա ընթացքում, հայտնում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունն ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր էվելին Ֆարկասի` Երևան կատարած այցի արդյունքում։
«ԱՄՆ պաշտպանության նախարարի` Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ Էվելին Ֆարկասի հետ մենք այսօր քննարկել ենք պաշտպանական ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և մեր համագործակցության հիմնական ուղղություններն ենք ուրվագծել»,– հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։
Այդ ուղղությունները, նրա խոսքով, Զինված ուժերի փոխգործակցության ներուժի զարգացումն է, մասնավորապես, միջազգային անվտանգության և խաղաղապահ հնարավորությունների ապահովում, ինչպես նաև Հայաստանի ԶՈԻ–ում կատարվող բարեփոխումներին օժանդակությունը։
Նա պարզաբանեց նաև, որ Հայաստանում GPOI–ի աջակցությամբ ծրագրվում է խաղաղապահ ուսումնամարզական ներուժի զարգացման ծրագիր, որը կօժանդակի միջազգային գործառնություններում հայ խաղաղապահների մասնակցությանը, մասնավորապես, Լիբանանում UNIFIL (United Nations Interim Force in Lebanon) խաղաղապահ առաքելության կազմում։
Ֆարկասն իր հերթին, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին միջազգային անվտանգության ապահովման գործողություններում մեծ ներդրման համար, նշեց որ ներկայիս համագործակցության ոլորտները փոխադարձ շահավետ են, սակայն դրանք զարգացնելու ավելի լայն հեռանկարներ կան:
Ըստ նրա` Հայաստանն ԱՄՆ–ի կարևոր գործընկերն է կովկասյան տարածաշրջանում մի շարք ուղղություններում, մասնավորապես ՆԱՏՕ–ի հետ փոխգործակցության և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի, ԱՄՆ–ի եվրոպական հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի շրջանակներում, ինչպես նաև Աֆղանստանում և Կոսովոյում որպես գործընկեր։
«Հայաստանի և նրա զինված ուժերի կողմից այդ և այլ բարդ առաքելություններում հետևողական պրոֆեսիոնալ և արդյունավետ օգնությունն ավելի է, քան ակնկալվում էր նմանատիպ ստորաբաժանումներից։ Հայաստանի կողմից կոալիցիոն և խաղաղապահ առաքելությունների աջակցությունն արժանի է հատուկ գնահատականի, քանի որ հայկական զինված ուժերը տարածում են անվտանգությունն այլ վիճելի գոտիներ»,– նշեց նա։
Ֆարկասն ընդգծեց նաև, որ GPOI–ի անդամակցումով Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեծ հնարավորություն է ստացել խաղաղապահ ներուժի զարգացման համար, ավելացնելով, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հպարտանում է հայկական պաշտպանական գերատեսչության և Հայաստանի Զինված ուժերի հետ համագործակցությամբ։ «Դա թույլ կտա Հայաստանին հետագայում էլ բարձրացնել սեփական միջազգային կարգավիճակը»,– ասաց նա։
-0-