Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պահանջում է պատժել և քրեական պատասխանատվության ենթարկել հայտնի լրագրող, «Հայկական ժամանակ» թերթի խմբագրի տեղակալ Հայկ Գևորգյանի դեմ գործված սադրանքի հեղինակներին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀԱԿ-ի մամուլի ծառայությունից:
Հայկ Գևորգյանը ձերբակալվել է ուրբաթ առավոտյան՝ վրաերթ կատարելու կասկածանքով: Նրան ներկայացվել է մեղադրանք 242-րդ հոդվածի առաջին մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը): Ըստ Ոստիկանության տվյալների, տուժածի առողջությանը միջին ծանրության վնաս է հասցվել՝ առողջության տևական քայքայումով, մասնավորապես՝ նա ուղեղի ցնցում և ստորին վերջույթների շրջանի կոտրվածք է ստացել:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ՀԱԿ-ը լրագրողի նկատմամբ մեղադրանքները համարում է իշխանության կողմից ձեռնարկված գործողություն:
ՀԱԿ-ի կարծիքով, Հայ Գևորգյանի խափանման միջոցը հնարավոր դարձավ փոփոխել շնորհիվ հասարակության, լրատվական հանրության աննախադեպ համախմբման և ընդվզման պարտադրել այս իշխանություններին:
Կոնգրեսը նաև կոչ է անում հասարակությանը, քաղաքական ուժերին և քաղաքացիական խմբերին գալիք ընտրություններից առաջ նույնքան զգոն լինել և համախմբված պայքարել ռեժիմի սպասվելիք սադրանքների դեմ: -0-