YouTube-ում Anonymous-ի անունից երկրորդ տեսանյութն է տեղադրվել

03.02.2012, 19:36
YouTube-ում Anonymous-ի անունից երկրորդ տեսանյութն է տեղադրվել

YouTube ճանաչված կայքում տարածվել է Anonymous հաքերների խմբի անունից արդեն երկրորդ հայտարարությունը, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է՝ ուղղված Թուրքիային, ԱՄՆ-ին և այլ երկրներին:

Ինչպես և առաջին հայտարարության մեջ, ցանցահենները նախազգուշացնում են, որ այդ պայմանը չիրագործելու դեպքում թուրքական կառավարական կայքերը և ԱՄՆ պաշտոնական կայքերը գրոհի կենթարկվեն:
Հայտարարության մեջ նշվում է, որ «Օպերացիա. Հայոց ցեղասպանություն» անվանումով գործողություններն արդեն սկսված են:

Նրանք նաև խոսում են այն մասին, որ 1915թ.-ին թուրքերի կողմից շուրջ 2 մլն մարդ է սպանվել, սակայն Թուրքիան մինչ օրս ժխտում է Ցեղասպանության փաստը և հրաժարվում է վերադարձնել հայերից վերցրած հողերը:
«Ժամանակն է, որպեսզի Թուրքիան հետ վերադարձնի հողերը, ինչպես նաև փոխհատուցի զոհերի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: 1965 թ.-ին ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:-0-