Հայկական ինքնության պահպանման գործում 2011թ.-ին ունեցած ներդրման համար մրցանակներն են հանձնվել Երևանում

18.01.2012, 14:24
Հայկական ինքնության պահպանման գործում 2011թ.-ին ունեցած ներդրման համար մրցանակներն են հանձնվել Երևանում

Հայկական սփյուռքի և աշխարհի տարբեր երկրների կազմակերպությունների ավելի քան 100 ներկայացուցիչներ արժանացել են ՀՀ սփյուռքի նախարարության ամենամյա մրցանակին՝ «2011թ.-ին հայկական ինքնության պահպանման գործում ունեցած ներդրման համար»:

«Երկրորդ տարին անընդմեջ մենք անցկացնում ենք Հայրենիքի հանդեպ իրենց հայրենասիրությամբ և սիրով աչքի ընկած հայերի պարգևատրում: Այս տարի մրցանակների են արժանանում ոչ միայն առանձին մարդիկ, այլ նաև մի շարք երկրների հայկական կազմակերպություններ»,- չորեքշաբթի պարգևատրման արարողության ժամանակ ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ավելացրել է, որ մրցանակը հանձնվելու է ամեն տարի:

Մրցանակները հանձնվել են հետևյալ անվանակարգերում՝ «Մայրենի լեզվի ուսուցիչ», «Լավագույն երիտասարդական կազմակերպություն», ինչպես նաև հայագիտության, շարադրության, և «Կտոր մը հայրենիք» ստեղծագործական աշխատանքի մրցույթի արդյունքների համար:

«Հատուկ հպարտությամբ եմ ուզում հանձնել առաջին աստիճանի մրցանակը Բուլղարիայից հայոց լեզվի ուսուցչուհի Էլիզաբեթ Վարդանյանին, ով երկար տարիների ընթացքում օգնել է Բուլղարիայի հայ երեխաներին սովորել մայրենի լեզուն և մշակույթը»,- ասել է նախարարը:

Մրցանակն ընդունելով՝ Վարդանյանն իր կողմից նշել է, որ փորձել է հայ երեխաներին սովորեցնել ոչ միայն մայրենի լեզվով գրել ու կարդալ, այլ նաև սիրել իրենց Հայրենիքը:

«Լավ ուսուցիչ լինելու համար պետք է սիրել երեխաներին: Իսկ մայրենի լեզվի լավ ուսուցիչ դառնալու համար անհրաժեշտ է սիրել Հայրենիքը, ինչպես դա ես եմ անում իմ ողջ կյանքի ընթացքում»,-ասել է նա: --0—