«Աքիլես» կազմակերպությունը ՃՏՊ-ի լիարժեք պատկերը ստանալու համար «PC crash» ծրագիր է օգտագործում

20.12.2011, 19:52
«Աքիլես» կազմակերպությունը ՃՏՊ-ի լիարժեք պատկերը ստանալու համար «PC crash» ծրագիր է օգտագործում

«Աքիլես» վարորդների իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը «PC crash» ծրագիր է օգտագործում՝ ՃՏՊ-ի պատճառների հաստատման գործընթացը հեշտացնելու նպատակով, երեքշաբթի լրագրողներին հայտնեց կազմակերպության ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը:

«PC crash»-ը ճանապարհատրանսպորտային պատահարի եռաչափ վերականգնման ծրագիր է, որը թույլ է տալիս հստակ վերլուծել տրանսպորտի տարբեր տեսակների մասնակցությամբ վթարներն ու միջադեպերը:

«Ծրագիրը վերականգնում է ՃՏՊ-ն 3D ձևաչափով, ինչը թույլ է տալիս հաստատել իրադարձությունների ողջ ընթացքն ու ՃՏՊ-ի պահին տրանսպորտային միջոցների արագությունը՝ ավտոմեքենաների դիրքի, բախման վայրի, ինչպես նաև այլ ելակետային տվյալների սխեման մտցնելով համակարգ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ծրագիրը մեծ ճանաչում ունի աշխարհում՝ ավելացնելով, որ տվյալ պահին «PC crash» արտադրողը ողջ աշխարհում շուրջ 5000 արտոնագրեր է իրացրել:

Հասարակական կազմակերպության ղեկավարն ընդգծեց, որ «Աքիլեսը» այդ ծրագիրը ներմուծել է 2011թ.-ին: Դրա օգտագործման շնորհիվ վեց դեպքում վերականգնվել է ճանապարհային պատահարի իրական պատկերը:

Միաժամանակ փորձագետը նշեց, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը չի օգտվում այդ ծրագրից՝ այդ հանգամանքը տարօրինակ անվանելով: -0-