ՀՀ խորհրդարանն ընդունել է հայկական եկեղեցու գույքը հարկերից ազատելու մասին աղմկահարույց օրենքը

08.12.2011, 17:57
ՀՀ խորհրդարանն ընդունել է հայկական եկեղեցու գույքը հարկերից ազատելու մասին աղմկահարույց օրենքը
ՀՀ խորհրդարանն ընդունել է հայկական եկեղեցու գույքը հարկերից ազատելու մասին աղմկահարույց օրենքը

ՀՀ ԱԺ-ն հինգշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Գույքահարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, ինչպես նաև մի շարք այլ օժանդակ ուղղումներ, որոնք ազատում են Հայ Առաքելական Եկեղեցու գույքը հարկումից:

«Օրինագիծը նախատեսում է գույքահարկից ազատել մշակութային հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, ինչպես նաև ՀԱԵ-ի սեփականություն համարվող շենքերն ու շինությունները, որոնք օգտագործվում են հոգևոր, մշակութային, կրթական, կրոնական և ծիսական իրեր արտադրելու և իրացնելու համար», - օրինագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նրա խոսքերով՝ հողի հարկից ազատվել են նաև վերը նշված օբյեկտների հողատարածքները:

«Հարկերից ազատվող գույքի և հողատարածքների ցանկերը ներկայացվել են ՀԱԵ-ին, սակայն դրանք դեռ մոտավոր են: Վերջնական ցանկը կորոշի կառավարությունը», - հայտարարել է նա:

Տերտերյանը նշեց, որ համայնքային բյուջեներին փաստացի վնաս չի հասցվի, քանի որ գոյություն ունեցող օրենսդրությանն ի հակառակ՝ եկեղեցական հողատարածքներից և գույքից հարկեր չէին գանձվում:

Միաժամանակ մի շարք պատգամավորներ մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ այս օրինագիծը խախտում է կրոնների հավասարության սկզբունքը, ինչը կարող է այլ դավանանքների ներկայացուցիչների բողոքի պատճառ դառնալ:

Տերտերյանն իր կողմից պարզաբանեց, որ Սահմանադրության մեջ ամրագրված է խղճի և դավանանքի ազատությունը, և այն ոչ ոք չի սահմանափակում:

«Խոսքը տնտեսական առավելությունների մասին է, այստեղ առկա է ՀԱԵ-ի նկատմամբ պետության հատուկ վերաբերմունքը, ինչը պայմանավորված է կարևորագույն դերով, որը ՀԱԵ-ն խաղում է մեր հասարակությունում», - ավելացրել է նա:-0-