Երևանի շենքերի շուրջ 60 տոկոսը չի դիմանա 9 բալանոց երկրաշարժին. փորձագետ

Երևանի շենքերի շուրջ 60 տոկոսը չի դիմանա 9 բալանոց երկրաշարժին, ասաց ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը:
«Երևանում 9 և ավել բալանոց ուժեղ երկրաշարժի դեպքում մարդկային զոհերի թիվը կարող է հասնել 300 հազարի, իսկ նյութական վնասն ավելի բարձր կլինի, քան 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժի դեպքում»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում՝ Սպիտակի երկրաշարժի 23-րդ տարելիցին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:
Նամալյանը հիշեցրեց, որ 1988թ.-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ ավելի քան 25 հազար մարդ է զոհվել, 19 հազարը հաշմանդամ են դարձել, ավելի քան 20 հազարը ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, 514 հազար մարդ անօթևան մնացին, իսկ տնտեսական վնասը գերազանցեց 13 հազար ԱՄՆ դոլարը:
Ըստ նրա՝ այդքան լայնածավալ ավերածությունները տեղի ունեցան սեյսմիկ սպառնալիքի թերագնահատման, սեյսմիկ շինարարության անկատար նորմերի, կոպիտ նախագծային սխալների, շինարարական աշխատանքների ցածր որակի, բնակիչների կողմից շենքերի նախագծային կառուցվածքների կամայական փոփոխությունների պատճառով:
Նամալյանը նշեց, որ Հայաստանի խոշոր քաղաքների տիպային շենքերի զգալի քանակը կառուցվել է խորհրդային տարիներին և հաշվարկված չէ 9 բալանոց ուժգնությամբ ցնցումների համար:
«Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ ուժեղ երկրաշարժերին դիմանում են հիմնականում խոշոր պանելային շենքերը, շրջանակային հանգուցային համակարգով շենքերը, ցածր հարկայնությամբ տները (մինչև 3 հարկ)»,- նշեց փորձագետը:
Ըստ նրա, սեյսմիկ առումով խոցելի են 9 հարկանի կարկասային շենքերը և 5 հարկանի քարե շենքերը (1А450 սերիա), որոնք կառուցվել են 60-70-ական թվականներին:
Միաժամանակ Նամալյանը հիշեցրեց, որ Հայաստանի խոշոր քաղաքները, այդ թվում նաև Երևանը, գտնվում են երրորդ սեյսմիկ գոտում, որտեղ երկրաշարժի ուժը կարող է գերազանցել 9 բալը:
Նա ընդգծեց, որ շենքերի սեյսմիկ կայունությունը հնարավոր է բարձրացնել վերևի հարկերի տատանումների դինամիկ կլանիչների միջոցով: Ըստ փորձագետի, այդ աշխատանքներին հնարավոր է միացնել մասնավոր հատվածը: Ամեն դեպքում, նա կարծում է, որ սեյսմիկ խոցելի շենքերն ավելի էժան է ապամոնտաժել և նոր տներ կառուցել: Ընդհանուր առմամբ, փորձագետի կարծիքով, շենքերի շահագործման միջին ժամկետը կազմում է 75 տարի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյան իր հերթին հիշեցրեց, որ Սպիտակի երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7.0 , իսկ էպիկենտրոնի ուժգնությունը հասել է 10 բալի:
«Երկիրը պատրաստ չէր այդ աղետին, քանի որ կորուստներն ու վնասն առավել շատ էին, քան կարելի էր սպասել նման ուժգնությամբ երկրաշարժի դեպքում»,- ասաց Պետրոսյանը:
Մեկնաբանելով Հայաստանի ներկա սեյսմիկ ակտիվությունը, Պետրոսյանը նշեց, որ մոնիտորինգային կայանների տվյալները հիմքեր չեն տալիս ասելու որևէ սպասվող երկրաշարժի մասին: -0-