Ավելի քան 12 մլն դոլար է նվիրաբերվել Լոս Անջելեսում կայացած «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ

25.11.2011, 10:38
Ավելի քան 12 մլն դոլար է նվիրաբերվել Լոս Անջելեսում կայացած «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ
Ավելի քան 12 մլն դոլար է նվիրաբերվել Լոս Անջելեսում կայացած «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ

Ավելի քան 12 մլն 286 հազար դոլար է նվիրաբերվել Լոս Անջելեսում կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա 14-րդ հեռուստամարաթոնի արդյունքում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Հայաստանում ուղիղ հեռարձակումն ապահովում էր չորս հեռուստաալիք՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, «Արմենիա» հեռուստաալիքը, «Շանթն» ու «Երկիր Մեդիան», հաղորդում է հիմնադրամի կազմկոմիտեն:

Հեռուստամարաթոնը մեկնարկել է հինգշաբթի Երևանի ժամանակով ժամը 20:00-ից և տևել է մինչև ուրբաթ առավոտյան 8:00-ն:

Այս տարի նվիրատվություններն իրականացվում էին նաև բանկային հատուկ հաշիվների վրա էլեկտրոնային փոխանցումների միջոցով Visa, MasterCard, ArCa, American Express, Discover, Diners Club international քարտապանների համար, ինչպես նաև՝ առցանց donate.himnadram.org էլեկտրոնային հասցեի միջոցով:

Միջոցները փոխանցվում էին նաև Երևանում և մարզերում փոստային բաժանմունքների, ինչպես նաև Հայաստանի երեք բջջային օպերատորների ցանցում SMS-հաղորդագրությունների միջոցով:

Նախորդ՝ 13-րդ «Հեռուստամարաթոն 2010»-ի ընթացքում, որն անցկացվեց «Ջուրը կյանք է» կարգախոսի ներքո, հավաքվեց շուրջ 21 մլն դոլար: Միջոցներն ուղղվել են ԼՂՀ-ում ջրամատակարարման համակարգերի կառուցման ֆինանսավորմանն ու Հայաստանի գյուղերի զարգացման ծրագրի աջակցությանը:-0-