ՀՀ-ի մոտեցումները Ղարաբաղի վերաբերյալ ամբողջովին համընկնում են ԵԱՀԿ ՄԽ-ի դիրքորոշման հետ
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պաշտոնական Երևանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամբողջովին համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշման հետ, ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Արամ Սաֆարյանը:
Հոկտեմբերի 8-ին ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի՝ Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում անցկացված աշնանային նստաշրջանում կայացել է «ԵԱՀԿ ԽՎ-ի դերը հակամարտությունների կարգավորման մեջ. Լեռնային Ղարաբաղ» քննարկումը, որին ներկա են եղել ԵԱՀԿ անդամ երկրների 56 երկրների մոտ հարյուր պատգամավորներ: Քննարկումների ընթացքում զեկույցով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկե (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան):
«Մինսկի խմբի համանախագահները Դուբրովնիկում ևս մեկ անգամ ընդգծել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բազային սկզբունքների հիման վրա, որոնք պետք է ընկալվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևէ մեկը չի կարող մյուսից բարձր դրվել: Սա նաև Հայաստանի դիրքորոշումն է»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Սաֆարյանը:
Սաֆարյանի խոսքով, ղարաբաղյան բանակցություններում առաջընթացի սպասել առաջիկայում չարժե, սակայն, խորհրդարանական դիվանագիտությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը բարենպաստ, կառուցողական մթնոլորտի ստեղծման համար:
«Շատ կարևոր է ղարաբաղյան հարցի այդօրինակ «ներկայացման» արդյունքում ստեղծված մթնոլորտը: Ես և իմ գործընկերները, ինչպես նաև ադրբեջանցի պատգամավորները բազմաթիվ դրական գնահատականներ են ստացել այն կապակցությամբ, որ այս անգամ հաջողվել է արտահայտել և լսել տվյալ հարցով կարծիքների ողջ շրջանակն առանց ատելության և թշնամության»,- նշեց պատգամավորը:
Նա նշեց, որ համանախագահների ջանքերն առաջիկա ամիսներին կուղղվեն հրադադարի ռեժիմի պահպանման միջոցառումների առաջխաղացման և վստահության ամրապնդման քննարկմանը:
ԵԱՀԿ ԽՎ-ի հայկական պատվիրակության անդամ Արտակ Դավթյանն իր հերթին հայտնեց, որ համանախագահները բավականին կոշտ են արտահայտվել հակամարտության կարգավորման բազային սկզբունքների պահպանման անհրաժեշտության վերաբերյալ:
«Բրադտկեն, մասնավորապես, նշել է, որ բանակցությունների սեղանին դրված երեք հիմնարար սկզբունքները ճաշացանկ չեն, որպեսզի ընտրես այն, ինչ ցանկանում ես, այլ մեկ ամբողջություն են, և դա բոլորը պետք է հասկանան»,- ասաց նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-