Ռուսական գրքի տուն է բացվել Երևանում

07.10.2011, 17:16
Ռուսական գրքի տուն է բացվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ռուսատանի պաշտոնական ներկայացուցիչներն ուրբաթ օրը Ռուսական գրքի տուն են բացել Երևանի կենտրոնում՝ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց:

Ռուսական գրքի տունը բացվել է հոկտեմբերի 3-9-ն անցկացվող Ռուսական խոսքի օրերի շրջանակներում, որոնք կազմակերպվել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո՝ Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական համագործակցության 12-րդ նիստի՝ 2010 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմանը համապատասխան:

Ռուսական գրքի տան բացման արարողությանը մասնակցեցին Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, իսկ ռուսական կողմից՝ Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության ներկայացուցիչ Սերգեյ Վինոկուրովը, Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը:

«Ռուսական գրքի տունը ոչ միայն խանութ է, որտեղ միայն ցանկացած ճաշակի գրքեր կվաճառվեն, այլև վայր է, որտեղ կանցկացվեն տարբեր հանդիպումներ, կքննարկվեն մեր երկրների միջև մարդասիրական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- լրագրողներին հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ Ռուսական գրքի տանը կհանդիպեն գրականագետներ, քննադատներ, արվեստի գործիչներ:

Ծրագրվում է, որ հետագայում Ռուսական գրքի տանը կբացվեն ընթերցասրահներ և քննարկումների սրահներ: Բացի այդ, հաջորդ ամսվանից Ռուսական գրքի տանը կհրատարակվի «Հայաստանի ռուսական աշխարհ» ամսագիրը, որում կլուսաբանվեն Հայաստանում ռուսաց լեզվի և գրականության պահպանման հետ կապված արդիական հարցեր, ինչպես նաև կբացվի «Ռուսաստան» մամուլի կենտրոնը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ելույթ ունենալով Ռուսական գրքի տան բացմանը, իր հերթին կարևորեց դրա բացումը հայ-ռուսական մշակութային կապերի և երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից: -0-