Հայաստանի կոալիցիոն կուսակցությունները կանցնեն նոր գումարման խորհրդարան. ՀՀԿ փոխնախագահ
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կոալիցիոն կուսակցությունների՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունների՝ նոր գումարման խորհրդարան անցնելու հնարավորությունները բավականին բարձր են, կարծում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թ.-ին, նախագահական ընտրությունները՝ 2013 թ.-ին:
«Ես բավականին դրական եմ գնահատում քաղաքական իրավիճակն ու զարգացումները: Թվում է՝ արդեն կան քաղաքակիրթ բնութագրեր, և եթե այսպես շարունակվի, ապա համոզված եմ, որ մենք կունենանք շատ լավ ընտրություններ՝ բազմաթիվ խաղացողներով», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սահակյանը:
Նրա խոսքերով՝ որոշ շանսեր ունեն նաև ընդդիմադիր կուսակցությունները՝ Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը:
Քաղաքական գործիչը նման վստահություն չարտահայտեց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության հարցում, որը վեց պատգամավորներով ներկայացված է այս գումարման խորհրդարանում՝ նշելով, որ այս կուսակցության թիմն իրեն անհասկանալի է:
Խոսելով նոր խաղացողների մասին՝ քաղաքական գործիչը նշեց, որ ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին հայտարարել են «Միավորված ազգային ինքնորոշումն» ու Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:
Հայաստանի խորհրդարանում կա 131 պատգամավոր: Ներկայիս՝ չորրորդ գումարման ԱԺ-ում գործում է հինգ խորհրդարանական խմբակցություն՝ ՀՀԿ-ի, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությունների, ինչպես նաև ընդդիմադիր «Ժառանգության» և Դաշնակցության խմբակցությունները:-0-