Հայաստանի Ոստիկանությունը նախօրեին Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի նոր մանրամասներ է հաղորդում։ ՃՏՊ-ի հետևանքով մահացել է երեք մարդ, ևս տասնմեկ մարդ վիրավորվել է։
Ինչպես ասվում է Ոստիկանության կայքում, օգոստոսի 29-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.00-ին Երևան-Իջևան ճանապարհի 53-րդ կմ-ին (դեպի Երևան տանող ուղեմասում) բախվել են անհայտ անձի վարած «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսը և 32-ամյա Ռազմիկ Բ.-ի վարած «ԶԻԼ ՄՄԶ-4502ե մակնիշի ավտոմեքենան։
ՃՏՊ-ի հետևանքով «ԳԱԶ-322132» ավտոմեքենայի ուղևորներ` 37-ամյա Անահիտ Դավիդյանը և 20-ամյա Հասմիկ Մկրտումյանը տեղում մահացել են, իսկ 12 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը` 33-ամյա Գոռ Սարգսյանը, մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անձը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: -0-