ԻԻՀ դեսպանն Օհանյանին ներկայացրել է Հայաստանում Իրանի նորանշանակ ռազմական կցորդին
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղայանը ուրբաթ հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանին է ներկայացրել Հայաստանում Իրանի նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Համիդ Ռեզա Միրզային, հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` շնորհավորելով նորանշանակ ռազմական կցորդին` Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացմանը:
Բացի այդ, պաշտպանության նախարարը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանում Իրանի նախկին ռազմական կցորդ, գնդապետ Ահմադ Ռեզա Ալլահդադիին` իր պաշտոնավարման ժամանակ ունեցած ավանդի համար:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: -0-