Հայ ջրասուզակները Հյուսիսային կիսագնդի ռեկորդ են սահմանել
Հայաստանում Հյուսիսային կիսագնդի համաշխարհային ռեկորդ է սահմանվել հայտնի ջրասուզակ Ռաֆայել Մկրտչյանի կողմից գլխավորած հետազոտության ժամանակ, որը կազմակերպվել է «Այաս ծովային հետազոտությունների ակումբի» և «Հայ Էքսթրիմ» կազմակերպության կողմից, երեքշաբթի լրագրողներին հայտնեց էքսպեդիցիայի ղեկավարը։
Սուզորդների թիմը սուզվել է ծովի մակարդակից 3207 մետր բարձրության վրա գտնվող Քարի լճի հատակը (Արագած լեռան լանջերին)։ Սուզման պահին օդի ջերմաստիճանը ջրի մակերեսին +5 էր, իսկ հատակում +3։ Սուզակները տակում 1 ժամ 20 րոպե են անցկացրել։
«Հետազոտությունը շատ հաջող է անցել, մեզ հաջողվել է սուզվել մինչև հատակ և հետազոտել գրեթե ողջ լիճը»,- ասաց Մկրտչյանը։
Ըստ նրա՝ նման պայմաններում սուզումն առավել վտանգավոր է՝ հաշվի առնելով այն բարձրությունը, որի վրա տեղակայված է լիճը, թթվածնի անբավարարությունը և ճնշման կտրուկ փոփոխությունները։
«Սա բարձր լեռնային լիճ է, և այնտեղ սուզվելն այնքան էլ հեշտ չէ, իսկ գիտաբժշկական տեսանկյունից բավականին ռիսկային է, քանի որ լիճը չի ուսումնասիրվել»,- ասաց Մկրտչյանը։
«Հայ Էքսթրիմի» բժիշկները ստուգել են ջրասուզակների առողջական վիճակը մինչև սուզումը և սուզումից հետո, ինչը թույլ է տվել գիտությանը ստույգ տեղեկություններ ստանալ, թե ինչ ֆիզիոլոգիական փոփոխություններ են կատարվում մարդու օրգանիզմում տվյալ կրիտիկական պայմաններում աշխատանքի ժամանակ։ Բացի այդ, գիտական տվյալներ ձեռք բերվեցին լճի բնակլիմայական վիճակի մասին։
Հետազոտության մեջ ներգրավված են Ռաֆայել Մկրտչյանը, «Այաս» ակումբի ղեկավար Կարեն Բալայանը, Արտակարգ իրավիճակների հատուկ ջրասուզակների խմբի հրամանատար Արտակ Էլմասակայանը, «Հայ Էքսթրիմ» արտակարգ իրավիճակներում աշխատող բժշկական թիմը՝ Գևորգ Շահսուվարյանի ղեկավարությամբ։
Պատմության մեջ առաջին անգամ համանման հետազոտություն է կազմակերպվել 1959թ.-ին Իվ Կուստոյի թիմի կողմից Հարավային կիսագնդի Տիտիկակա լճում։ Այդ ժամանակ Կուստոյի թիմը Հարավային կիսագնդի համաշխարհային ռեկորդ էր սահմանել։ -0-