ՀՀ նախագահը հանձնարարել է «Նաիրիտ» գործարանի սեփականատերերին մարել աշխատավարձի պարտքերը

12.11.2010, 14:43
ՀՀ նախագահը հանձնարարել է «Նաիրիտ» գործարանի սեփականատերերին մարել աշխատավարձի պարտքերը
ՀՀ նախագահը հանձնարարել է «Նաիրիտ» գործարանի սեփականատերերին մարել աշխատավարձի պարտքերը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է «Նաիրիտ» գործարանի սեփականատերերին մարել աշխատավարձի պարտքերը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն ուրբաթ ընդունել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների պատվիրակությանը, ովքեր ներկայացրել են իրենց բողոքը չորս ամիս չստացած աշխատավարձի կապակցությամբ: «Նաիրիտի» աշխատակիցները  նաև փոխանցել են աշխատատեղերը հետագայում կորցնելու վերաբերյալ իրենց և գործընկերների մտահոգությունը` պայմանավորված այս պահին չաշխատող ձեռնարկության ապագայի անորոշությամբ:

«Նաիրիտ գործարանի» գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը ևս ներկա է եղել հանդիպմանը:

«Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հանձնարարել է գործադիր իշխանության պատասխանատուներին` ձեռնարկության սեփականատիրոջ հետ քննարկել ստեղծված իրավիճակը և միջոցներ ձեռնարկել ամենասեղմ ժամկետում` առաջիկա 10 օրվա ընթացքում, աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը վճարելու, այնուհետ` մեկ ամսվա ընթացքում մնացած ամիսների աշխատավարձը մարելու ուղղությամբ», - նշվում է տեղեկատվության մեջ:

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հինգշաբթի կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով մարել աշխատավարձի պարտքերը:

Ավելի ուշ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը հայկական էլեկտրոնային ԶԼՄ-ներին ուղղված դիմում է տարածել՝ խնդրելով ձեռնպահ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից: Գործարանի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ նշվում է, որ կապված աշխատավարձերի չվճարման խնդրի հետ՝ ստեղծվել է լարված իրավիճակ, և «այսօր էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների ապակողմնորոշիչ, իրականությանն ու ճշմարտությանը չհամապատասխանող  տեղեկատվության տարածումը կարող է ավելի սրել այն»:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը  գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ խստորեն քննադատել է ձեռնարկության ղեկավարությանը` առկա խնդիրների լուծման ուղղությամբ ժամանակին բավարար քայլեր չձեռնարկելու և աշխատակիցներին այսօր արդեն ծայրահեղ քայլերի մղելու համար:

«Նաիրիտի» աշխատակիցների պատվիրակությանն ընդունելուց հետո Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև դրսում հավաքված նրանց գործընկերների հետ և փոխանցել կառավարության պատասխանատուներին Հանրապետության ղեկավարի տված հանձնարարականներն ու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հեռանկարի հետ կապված մոտեցումը:

Ընդգծելով, որ «Նաիրիտը» պետական սեփականություն չէ, հետևաբար, պետությունն իրավունք չունի ուղղակի միջամտություն ցուցաբերել ձեռնարկության տնտեսական գործունեությանն առնչվող խնդիրներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետությունն այս պահին մտահոգված է ամիսներ շարունակ աշխատավարձ չստացած իր քաղաքացիների սոցիալական խնդիրներով, ինչպես նաև երկրի տնտեսության մեջ կարևոր դեր ունեցող քիմիական հսկայի ճակատագրով:

««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման հետ կապված, Կարեն Կարապետյանի հավաստմամբ, երկրի ղեկավարի մոտեցումը հստակ է` պետք է ամեն ինչ անել գործարանը վերագործարկելու համար», - նշվում է տեղեկատվության մեջ:

Նաիրիտ» գիտա-արտարդրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 1989թ.-ին «Նաիրիտը» փակվել էր՝ բնապահպանական նկատառումներով: Տարիների պարապուրդից հետո ձեռնարկության աշխատանքը մասնակիորեն վերսկսվել է 1992-93թթ.-ին:

2001թ. «Նաիրիտ» ոչ կառավարական կազմակերպությունից առանձացվեցին քլորոպենային կաուչուկի արտադրության համար անհրաժեշտ ուժեր, որոնց հիման վրա ստեղծվեց պարտքերից ազատված ձեռնարկությունը՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն: 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը  բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ --0—