ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արդարադատության նախարարությունը հերյուրանք է անվանում «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բանտում կատարված հարձակման մասին տեղեկատվությունը:
«Լրատվության առանձին միջոցներով տարածվել է իրականության հետ որևէ առնչություն չունեցող տեղեկատվություն, ըստ որի, իբր, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարձակում են գործել», - տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:
Հայկական ԶԼՄ-ների վարկածի համաձայն՝ հարձակման նպատակը Փաշինյանի քաղաքական և լրագրողական գործունեության կասեցումն է։
«Տեղեկացնում ենք, որ նշված տեղեկատվությունն ամբողջությամբ հերյուրանք է», - տեղեկացրել է Բաբայանը:
Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրն է:
2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ է եղել։ Նա Ոստիկանությանն է հանձնվել 2009 թվականի հուլիսի 1-ին։
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը 2010 թվականի հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։
2010 թվականի մայիսի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ պետի որոշմամբ իրականացվել է Նիկոլ Փաշինյանի պատժի չկրած մասի կրճատման հաշվարկ, որին համապատասխան պատժի ժամկետը կիսով չափ կրճատվել է (երեք տարի մեկ ամիս և մեկ օր), ինչի արդյունքում պատժի վերջնական ժամկետը կազմել է երեք տարի տասն ամիս և 29 օր։ -0-