ԱՄՆ-ն և Ֆրանսիան ողջունել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը

29.10.2010, 13:27
ԱՄՆ-ն և Ֆրանսիան ողջունել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը

ԱՄՆ-ն և Ֆրանսիան ողջունել են Աստրախանում հոկտեմբերի 27-ին արված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը, ուրբաթ հաղորդում են հայկական ԶԼՄ-ները:

Չորեքշաբթի տեղի ունցած եռակողմ հանդիպման արդյունքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները Հռչակագիր են ստորագրել, որտեղ ռազմագերիների փոխանակում է նախատեսվում և որը կրում է մարդասիրական բնույթ: Հռչակագիրն ուղղված է վստահության միջոցների ամրապնդմանը:

«ԱՄՆ պետքարտուղարը ողջունում է հոկտեմբերի 27-ին Աստրախանում արված նախագահների հայտարարությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ իրականացնել ռազմագերիների փոխանակում ու վերադարձնել զոհվածների մարմինները», - մեջբերում են ԶԼՄ-ները Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ արված ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլիի խոսքերը:

«Մենք բարձր ենք գնահատում համաձայնության ձեռք բերմանն ուղղված նախագահ Մեդվեդևի ջանքերը, որը կողմերի միջև փոխադարձ վստահություն է ձևավորում և ուղղված է 1994 թ.-ին հաստատված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը», - ասել է Քրոուլին:

Աստրախանում կայացած հանդիպումը վերջին երկու տարվա ընթացքում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ և աջակցությամբ անցկացված թվով յոթերորդ հանդիպումն էր:

«Այս համատեղ հայտարարությունը դրական զարգացում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում: Համաձայնագրում ամրագրված քայլերի շուտափույթ իրականացում ենք ակնկալում», - ավելացրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը:

Փարիզը ողջունում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հռչակագիրը, որը ընդունվել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, ասվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկիր Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ:

«Աստրախանում կողմերի համաձայնեցրած միջոցները կարող են օգնել նվազեցնելու լարվածությունը և հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնք ավելացել են վերջին ամիսների ընթացքում: Հենց դա է պատճառը, որ Ֆրանսիան ակնկալում է, որ դրանք անհապաղ կիրագործվեն», - նշվում է արտգործնախարարության հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-