ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ոստիկանները բերման են ենթարկել Ինտերպոլի կողմից հետախուզվող կիբերհանցավորին, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1983 թ. ծնված Գեորգի Ավանեսովին:
Ավանեսովը 2010թ.-ի հոկտեմբերի 1-ից Ինտերպոլ ուղիներով Հոլանդիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Նիդեռլանդների Թագավորության քրեական օրենսգրքի 138ա, 138բ, 139դ, 350ա և 420 հոդվածների (կազմակերպված հանցավոր խմբավորման անդամակցելը, կիբերհանցավորություն, փողերի լվացում) մեղադրանքով:
«Ավանեսովը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ինչի մասին տեղեկացվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին` հետախուզման նախաձեռնողին տեղեկացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Guardian բրիտանական թերթը, հոկտեմբերի 26-ի գիշերվանից մինչև 26-ի առավոտ Երևանի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է 27-ամյա ՀՀ քաղաքացի, ով, ինչպես կարծում է քննությունը, Bredolab բոտնետի համակարգողն է։
Բոտնետը համակարգչային ցանց է, որտեղ համակարգիչների զոհերը վարակված են գաղտնի ծրագրերով, որոնք թույլ են տալիս չարագործին վարակված համակարգչի ռեսուրսներն օգտագործելով ինչ-որ գործողություններ կատարել։
Բոտնետի օպերատորները հնարավորություն են ստանում հեռակա կարգով կառավարել այդպիսի համակարգիչը, ինչպես նաև նայել սպառողի անձնական տվյալները, այդ թվում՝ գլխաբառը, գաղտնաբառն ու հաշվեհամարը։ -0-