Հայաստանի խորհրդարանական խմբակցությունները Ադրբեջանում հայ գերու մահվան համակողմանի հետաքննություն են պահանջում

08.10.2010, 15:31
Հայաստանի խորհրդարանական խմբակցությունները Ադրբեջանում հայ գերու մահվան համակողմանի հետաքննություն են պահանջում

Հայաստանի Ազգային ժողովի խմբակցությունները Ադրբեջանում հայ գերու մահվան համակողմանի հետաքննություն են պահանջում, հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար, ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության և ռազմական դատախազության համատեղ հայտարարությունը, հայտնում են, որ  հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 03:00-ին ինքնասպանություն է գործել սեպտեմբերի 11-ից Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանը: Ըստ հաղորդագրության՝ Սարիբեկյանի  պարանոցի վրա հայտնաբերվել է կախվողներին բնորոշ հետք, իսկ դատաբժշկական փորձաքննությունը նրա մարմնի վրա բռնության հետքեր չի հայտնաբերել։

«Բոլոր խորհրդարանական խմբակցությունները ստորագրել են չորս նամակների տակ, որոնք կազմել է «Ժառանգություն» խմբակցությունը, այն հասցեագրված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի ղեկավարներին մեկ հիմնական պահանջով՝ Սարիբեկյանի մահվան փաստով հետաքննությունը պետք է իրականացվի համապատասխան փորձագետների և հայկական կողմից ներկայացուցիչների պարտադիր մասնակցությամբ», - ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց Ալավերդյանը:

Նա նշեց, որ հակառակ դեպքում հայկական կողմը կստանա պարզամիտ բացատրություններ, անմիտ հիմնավորումներ, ըստ որոնց՝ հովիվը դառնում է դիվերսանտ:

«Փորձը թույլ է տալիս ինձ ասել, որ Մանվել Սարիբեկյանի մահը այն դեպքերից մեկն է, երբ գերի ընկածները տանջամահ են լինում», - ասաց Ալավերդյանը:

Ինչպես հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, այսօրվա դրությամբ ոչ ոք չի կարող աչք փակել այն փաստի վրա, որ Սարիբեկյանի մահն ինքնասպանություն չէր, այլ սպանություն:

Այդ պատճառով, նրա խոսքերով, խմբակցությունն ուղերձ է ստորագրել, որում դատապարտում է այդ փաստն ու լուրջ հետաքննության անցկացում է պահանջում, որպեսզի տեղի ունեցածը մանրամասն ուսումնասիրվի, իսկ ճշմարտությունը բացահայտվի:

«Անպատիժ մնացած հանցագործությունը ծնում է նոր հանցագործություն, և միջազգային հանրությունը պետք է ոչ միայն լրջորեն դատապարտի այդ փաստը, այլև լուրջ գործողություններ ձեռնարկի», - ասաց Մարգարյանը:

Նախօրեին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է «Ադրբեջանում հայ գերու մահը» հռչակագիրը, որը շրջանառության մեջ է մտցվել: Հռչակագիրն արդեն 26 ստորագրություն է հավաքել, այդ թվում նաև հայկական պատվիրակության ներկայացուցիչների ստորագրությունը: Հռչակագրում որպես հիմնական պահանջ ներկայացված է անկախ հետաքննության անցկացման գործում միջազգային փորձագետների ներգրավելու անհրաժեշտությունը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում Ադրբեջանին մեղավոր է համարում Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացու ողբերգական մահվան համար, քանի որ «որևէ հիմք չկա հավատալու հայ երիտասարդի մահվան վարկածի իսկությանը»:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով տարածեց մի տեսանյութ, որում հայ երիտասարդն ասում էր, թե, իբր, իրեն հատուկ պատրաստել են Ադրբեջանում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար։ Սակայն այդ կադրերում հստակ երևում էր, որ երիտասարդը ենթարկված էր կտտանքների։

ՀՀ պաշտպանության նախարարությունում նաև կարծում են, որ արդեն որերորդ անգամ Ադրբեջանը հանցավոր քայլերի է գնում՝ չարժանանալով միջազգային իրավասու կառույցների պարսավանքին: «Հենց այդ անպատժելիության զգացողությունն է սպանել միջազգային նորմերով չպաշտպանված մեր հայրենակցին», - նշվում է հայտարարության մեջ:-0-