ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակված Ռազմական ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը կզբաղվի գերատեսչության իրավական ոլորտի հարցերի համակարգմամբ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի երկուսին գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանին պաշտպանության նախարարի տեղակալ է նշանակել՝ ազատելով նրան ՊՆ Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից։
Օհանյանի խոսքերով, երկուսուկես տարիների ընթացքում նա նկատել է Գասպարյանի հնարավորությունները իրավական ոլորտի համակարգման մասով։
Նշելով, որ Գասպարյանն այս պաշտոնում է նշանակվել պաշտպանության նախարարի առաջարկով, գերատեսչության ղեկավարն այս նշանակումը որպես պաշտոնի բարձրացում բնութագրեց։
Միաժամանակ, պատասխանելով այն հարցին, թե չի եղել, արդյո՞ք, նոր պաշտոնը որոշակի խրախուսանք Գասպարյանի համար, նախարարը պատասխանեց, որ ցանկացած պաշտոնի բարձրացում նշանակում է տվյալ անձի աշխատանքի գնահատական և, «իհարկե, սա ամենամեծ խրախուսանքն է»։
Միաժամանակ Օհանյանը նշեց, որ կառույցի ներսում պետք է ավելի քիչ շահարկել հարաբերությունները։
«Պետք է ավելի քիչ շահարկել ներքին հարաբերությունները Պաշտպանության նախարարության ներսում։ Իմ, իմ տեղակալների և Գլխավոր շտաբի պետի միջև հարաբերությունները նորմալ են, ծառայության շրջանակներում գոյություն ունի ծառայողական ընկերության մթնոլորտ, իսկ ծառայությունից դուրս՝ բավական մտերիմ հարաբերություններ»,- ասաց նա։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնեց նաև, որ Ռազմական ոստիկանության պետի պարտավորությունները ժամանակավորապես կատարում է գնդապետ Արամ Տեր-Սահակյանը, ով զբաղեցրել է Ռազմական ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։ -0-