ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց հանրապետությունում Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման մանրամասները, չորեքշաբթի տեղեկացրել է դատախազության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատախազության համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է իրականացված բարեփոխումների արդյունքները՝ ձեռքբերումներն ու խնդիրները և կարևորել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարումն ու Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը՝ դատախազության և ընդհանրապես իրավական համակարգը միջազգային չափանիշներին առավել համապատասխանեցնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Տեղեկացնելով, որ արդեն իսկ մշակվել են համապատասխան օրինագծերը՝ ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է ԵԱՀԿ դեսպանին՝ հրավիրել միջազգային փորձագետ` ուսումնասիրելու դատախազական համակարգը, մշակված օրինագծերը և տալ փորձագիտական եզրակացություն: Դեսպանն իր կողմից կարևորելով բարեփոխումների ընթացքը և կատարված աշխատանքները՝ հավաստել է ԵԱՀԿ աջակցությունը՝ նպաստելու բարեփոխումներին:--0--